Նորություններ

Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻˊՉ․․․

05.10.2022

Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Ուսուցչի տոնը: Օր, երբ ևս մեկ անգամ գնահատվում է ուսուցիչների հայրենանվեր և անձնուրաց աշխատանքը: Տոն, որը մեր ժողովուրդն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով։
Ներկայացնում ենք «Քվանտ» վարժարանի տնօրենության շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ։
Սիրելիˊ ուսուցիչներ, Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և դաստիարակության գործում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։ Ջերմորեն շնորհավորում ենք մասնագիտական տոնի կապակցությամբ: Շարունակելով կրթության ոլորտում ազգային լավագույն ավանդույթները` ամենօրյա ազնիվ ու տքնաջան աշխատանքով դուք ձեր արժանի ավանդն եք ներդնում մեր պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում: Բոլոր ժամանակներում մեր գոյության անսասան հիմքը եղել է դպրությունը: Հայ ուսուցիչը Մաշտոցի լուսավոր գաղափարներով անցել է դարերի փորձությունների միջով, գրերի գյուտի հրճվանքն է ապրել, հպարտացել է անկախության վերականգնումով, իր ժողովրդի հաղթանակները դարձրել է ամենակարևոր դասերը, հայեցի կրթության ու դաստիարակության ջահակիրն է եղել մշտապես: Ուսուցչությունը սոսկ մասնագիտություն չէ, այլ բարձր ու պատասխանատու կոչում: Ձեզ է վստահված սերնդի ոչ միայն կրթության, այլ նաև դաստիարակության դժվարին ու պատասխանատու գործը: Հավատացած ենք, որ մեր երկիրը պիտի հզորանա, և  դուք, թանկագին բարեկամներ, այսուհետ էլ շարունակելու եք ձեր մասնակցությունը բերել հայրենաշինության պատասխանատու ու սրբազան գործին, սատար կանգնելու մեր պետությանն ու պետականությանը: Այդ հավատով լեցուն՝ բոլորիդ մաղթում ենք քաջառողջություն, տոկունություն, անսասան կամք աշխատանքում, երջանկություն անձնական կյանքում, ամենայն բարիք։