Նորություններ

Անաղարտ մայրենիով զինված քվանտականի հերթական բարեգործությունը

10.10.2023

         «Քվանտ» վարժարանի թե՛ տնօրենությունը, թե՛ ուսուցչական կազմը, թե՛ աշակերտական ու ծնողական համայնքը մեծ պատասխանատվությամբ արձագանքում է հասարակական, ազգային նշանակության մի շարք խնդիրների լուծմանը։ Դրա վկայությունը վերջին տարիների բազմաթիվ ու բազմատեսակ նախաձեռնություններն են, որ իրականացվում են քվանտականների կողմից։

       Արցախից տեղահանված մեր բազմահազար հայրենակիցներին տարբեր հարցերում օգտակար լինելը ևս քվանտականների հոգսն ու ցավն է։ Վարժարանի՝ Աղավնաձորում գտնվող «Ուղեծիր» ուսումնամարզական ճամբարում հյուրընկալվել են արցախցի մի քանի ընտանիքներ։
       Մի քանի տասնյակի հասնող ընտանիքներ էլ բնակություն են հաստատել Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում, և այդ ընտանիքների շուրջ 40 երեխաներ պիտի հաճախեն գյուղի հիմնական դպրոց։ Դա լրացուցիչ դժվարություններ էր առաջացրել գյուղական դպրոցում, մասնավորապես չկային անհրաժեշտ գույք, դպրոցական պարագաներ։
     «Քվանտ» վարժարանի տնօրենությունը Աղավնաձորի ուսումնամարզական կենտրոնից սիրով տրամադրեց արցախցի պատանիների թվով անհրաժեշտ գույքը՝ ուսումնական գործընթացի անխոչընդոտ լինելը ապահովելու համար։ Իսկ վարժարանի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված դրամահավաքի շրջանակում կուտակված գումարով ձեռք բերվեցին այլ պարագաներ, առաջին անհրաժեշտության իրեր, որոնք փոխանցվեցին Աղավնաձոր գյուղում բնակություն հաստատած մեր հայրենակիցներին։                           
                                                                                                                                                                                          Հ․Լ․