Մայիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ ժամանակակից գրող, բանաստեղծ, դասագրքերի հեղինակ, թարգմանիչ և հրապարակախոս Վաչագան Սարգսյանի վեց գրքերի հանդիսավոր շնորհանդեսը։
Գրական և մշակութային շնչով լի միջոցառումն առանձնահատուկ խորհուրդ ուներ․ հենց այդ օրը հայ մտավոր դաշտի ինքնատիպ ներկայացուցիչ Վաչագան Սարգսյանը նշում էր իր ծննդյան 75-ամյակը։ Հոբելյանական այս գեղեցիկ առիթը մեկ հարկի տակ էր համախմբել գրողի ընկերներին, գործընկերներին, հարազատներին, ընթերցողներին և մշակույթի տարբեր գործիչների, որոնք եկել էին արժևորելու նրա ստեղծագործական երկարամյա և բեղուն ուղին։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հեղինակի նոր հրատարակված վեց գրքերը, որոնք արտացոլում են նրա բազմաշերտ գրական աշխարհը, մտավոր խորությունն ու ազգային արժեքներին նվիրվածությունը։ Ելույթներով հանդես եկան գրողներ, հրապարակախոսներ, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վաչագան Սարգսյանի ստեղծագործական ճանապարհը գնահատող ու նրա հետ տարիների բարեկամություն կերտած անձինք։
Բանախոսներն ընդգծեցին, որ Վաչագան Սարգսյանը ոչ միայն գրականության նվիրյալ ստեղծագործող է, այլև հանրային մտքի ձևավորման գործում կարևոր դերակատարում ունեցող մտավորական, որի գրական, հրապարակախոսական գործունեությունը նշանակալի ներդրում ունի ժամանակակից հայ մշակութային կյանքի մեջ։
Միջոցառմանը առանձնահատուկ գույն հաղորդեցին քվանտական փոքրիկների մի քանի գեղեցիկ կատարումները։ Նախ` քվանտական պատանիների երֆչախումբը ներկայացրեց վարժարանի հիմնը, որի խոսքերի հեղինակը Վաչագան Սարգսյանն է։ Ապա երաժշտասեր քվանտականների քառյակը ներկայացրեց Կոմիտասի ընտիր ստեղծագործություններից մեկը։ Գեղեցիկ անակնկալ էին պատրաստել վարժարանի հիմնական դպրոցի սովորողներ Մարին ու Արեգը` բեմադրելով Վ. Սարգսյանի արձակ ստեղծագործություններից մեկը։
Ջերմ ու հուզիչ մթնոլորտում ընթացած հանդիպումը վերածվեց գրականության, հիշողությունների և երախտագիտության գեղեցիկ տոնի՝ ևս մեկ անգամ փաստելով, որ Վաչագան Սարգսյանի ստեղծագործական ներկայությունը շարունակում է մնալ կարևոր ու գնահատված հայ մշակութային իրականության մեջ։
Հ. Լ.