Սույն թվականի մարտի 14-ին տեղի ունեցավ «Հայագիտակ 2026» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին երկրորդ փուլին մասնակցած աշակերտները, նրանց մի մասի ծնողները և ուսուցիչներ։
Մասնակիցներին ողջունեցին վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը և մրցութային հանձնաժողովի նախագահ Հովիկ Գրիգորյանը՝ կարևորելով հայագիտական գիտելիքների ձեռբերման նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը և հաղթողի հոգեբանության ձևավորման հանգամանքը նման մրցույթների միջոցով։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ, վարժարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Հռիփսիմե Բայրամյանն էլ կարևորեց այն փաստը, որ այս ուստարում մասնակիցների թվաքանակը մեկ երրորդով ավելի է, քան նախորդ տարի։ Այնուհետև հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, վարժարանի պատմության ամբիոնի վարիչ Միքայել Մալխասյանը տեղեկացրեց աշակերտներին, որ տնօրենությունը, հիմք ընդունելով հանձնաժողովի կողմից կոլեգիալության սկզբունքով ամփոփված վերջնական գնահատականները, երկրորդ փուլին մասնակցած աշակերտների մեծ մասի համար սահմանել է մրցանակներ։
Առավելագույն միավորներ (160-ից բարձր) հավաքած երեք աշակերտներին շնորհվել է առաջին կարգի դիպլոմ, որի համար տրվում է վարժարանի պատմության ամբիոնի առաջին վարիչ, անկախ Հայաստանում Հայոց պատմության առաջին դասագրքերի հեղինակ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ղազախեցյանի անվան միանվագ կրթաթոշակ (200.000֏), քանի որ այս տարի նրա ծննդյան 100-ամյա հոբելյանն է։ Հաջորդ (150-ից բարձր միավորով) երկու աշակերտներին շնորհվել է երկրորդ կարգի դիպլոմ, որի պարագայում տրվում է վարժարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի առաջին վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանի անվան կրթաթոշակ (150.000֏)։ Այս արդյունքներին զգալիորեն զիջող, սակայն ևս բարձր արդյունք (130 կլորացող և ավելի միավոր) ցուցաբերած հաջորդ հինգ աշակերտներին տրվել է երրորդ կարգի դիպլոմ, որի համար շնորհվում է վարժարանի պատմության ամբիոնի առաջին ուսուցիչներից, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմմա Կոստանդյանի անվան կրթաթոշակ (100.000֏)։ Եվս չորս աշակերտների (125 կլորացող և ավելի միավորով), տնօրենության որոշմամբ, շնորհվել է խրախուսական մրցանակ՝ Գովասանագիր, որի պարագայում ևս տրվել է միանվագ կրթաթոշակ (50.000֏)։ Բոլոր հաղթողներին և երկրորդ փուլին մասնակցած մյուս երկու աշակերտներին տրվել են մասնագիտական գրքեր, իսկ 9-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Գեղամյանը, որպես մրցույթի բոլոր երեք տարիների մրցանակակիր և տարբեր առարկաներից կայուն բարձր արդյունքներ ցուցաբերող, արժանացել է նաև հատուկ մրցանակի (խորհրդանշական ժամացույց)։
Ներկայացնում ենք մրցույթի վերջնական արդյունքները՝ համապատասխան մրցանակներով։ Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաջողություններ։