Ս․թ․ ապրիլի 13-15-ը միջազգային հեղինակավոր կառույցների՝ Ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրածովյան ինստիտուտի (Mediterranean Institute of Fundamental Physics (MIFP) և XPANCEO-ի նախաձեռնությամբ «Քվանտ» վարժարանում անցկացվեց PLMCN 2026 (Physics of Light-Matter Coupling in Nanostructures and Nanophotonics) գիտաժողովը, որը միավորում է նանոֆոտոնիկայի և լույս–նյութ փոխազդեցության ոլորտի առաջատար գիտնականներին։
Գիտաժողովը նվիրված էր ժամանակակից ֆիզիկայի կարևորագույն ուղղություններից մեկին՝ նանոկառուցվածքներում լույսի և նյութի փոխազդեցությանը։ Այն նպատակ ունի ստեղծելու հարթակ, որտեղ տարբեր երկրների հետազոտողները միմյանց հաղորդակից կդարձնեն իրենց նորագույն արդյունքներին, գաղափարներին և տեխնոլոգիական լուծումներին՝ միավորելով աշխարհի առաջատար գիտնականներին, հետազոտողներին և նորարարներին։
Գիտաժողովի շրջանակում քննարկվեցին ժամանակակից ֆիզիկայի և տեխնոլոգիաների առաջատար ոլորտներին վերաբերող առանցքային թեմաներ՝ նանոֆոտոնիկա, մետանյութեր, քվանտային ինֆորմացիա, պոլարիտոնային համակարգեր, օպտոէլեկտրոնիկա, ինչպես նաև նոր սերնդի հաշվարկային տեխնոլոգիաներ։ Թեմատիկ այս բազմաշերտությունը հնարավորություն է տալիս խթանելու նորարարական զարգացումները, ապահովում է գիտության տարբեր ուղղությունների արդյունավետ համադրում՝ խթանելով նորարարական լուծումների և գաղափարների ծնունդը։
Միջազգային համագործակցության մի բացառիկ հարթակ դարձած «Քվանտ» վարժարանը համախմբել էր տարբեր երկրների համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր գիտնականների (Ալեքսեյ Կավոկին, Ջուզեպպե Էրամո, Անտոնիո Ագրեստի, Սերգեյ Ալյակին, Գորա Շլյապնիկով և այլք), որոնք հանդես եկան հիանալի զեկուցումներով՝ ներկայացնելով իրենց ոլորտների գիտական վերջին նվաճումները։ Բացի առաջատար մասնագետներից՝ գիտաժողովը բաց էր նաև երիտասարդ հետազոտողների համար՝ հնարավորություն տալով նրանց ներկայացնելու իրենց աշխատանքները և ներգրավվելու միջազգային գիտական համայնքում։
PLMCN գիտաժողովների շարքը համաշխարհային գիտական օրակարգում առանձնանում է իր գիտական բարձր մակարդակով, միջդիսցիպլինար ընդգրկմամբ և նորարարական ուղղվածությամբ։
Նման գիտաժողովի անցկացումը «Քվանտ» վարժարանում շրջադարձային կարևոր իրադարձություն է, որը հաստատում է վարժարանի դերը ոչ միայն իբրև կրթական հաստատություն, այլև որպես գիտական և նորարարական կենտրոն։ Այն գիտության և կրթության միաձուլման խորհրդանիշ է, որը բացում է նոր հեռանկարներ մեր գիտական համայնքի համար՝ ստեղծելով բացառիկ հնարավորություն քվանտական պատանիների համար՝ անմիջական շփում ունենալու համաշխարհային գիտական համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթանալու ժամանակակից հետազոտություններին և ձևավորելու աշխարհում մրցունակ գիտնականի մտածողություն։
Հ. Լ.