Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Քվանտ» վարժարանի 7-1 դասարանի աշակերտ Դավիթ Ռուբենի Սարգսյանը առաջին անգամ մասնակցելով միջազգային մրցույթների՝ արդեն իսկ գրանցել է նշանակալի հաջողություններ։
Դավիթը, մասնակցելով International German Math Olympiad-ին, հաջողությամբ հաղթահարել է նախընտրական և երկրորդ փուլերը՝ արժանանալով բրոնզե մեդալի և ստանալով հրավեր մասնակցելու Ֆրանկֆուրտում կայանալիք եզրափակիչ փուլին։ Օլիմպիադան միջազգային կրթական հարթակ է, որը միավորում է տարբեր երկրների աշակերտների՝ նպաստելով մաթեմատիկական մտածողության, տրամաբանական վերլուծության և խնդիրների լուծման հմտությունների զարգացմանը։
Բացի այդ, Դավիթ Սարգսյանը հաջողությամբ հանդես է եկել նաև Hi-Lingua Language Competition միջազգային մրցույթում՝ արժանանալով արծաթե մեդալի։ Այս մրցույթը նպատակ ունի զարգացնել աշակերտների անգլերեն լեզվի իմացությունը, հաղորդակցման հմտությունները և ընդհանուր կրթական կարողությունները՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրների մասնակիցների։
Հատկանշական է, որ այս մրցույթները համախմբում են աշխարհի ավելի քան 120 երկրների 3-11-րդ դասարանների աշակերտների՝ ստեղծելով մրցակցային և բարձր մակարդակի կրթական միջավայր, որտեղ տաղանդավոր սովորողները հնարավորություն ունեն դրսևորելու իրենց գիտելիքներն ու կարողությունները միջազգային հարթակում։
Շնորհավորում ենք Դավիթ Սարգսյանին՝ այս կարևոր ձեռքբերումների կապակցությամբ և մաղթում նոր հաջողություններ ու հաղթանակներ գիտության և կրթության ճանապարհին։