Նորություններ

ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ ՏԻԵԶԵՐՔ Է ԱՆԵԶՐ...

04.03.2024

     Գրքի տոնին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք էր կազմակերպված «Քվանտ» վարժարանում:

     Ս.թ. փետրվարի 21-ին «Քվանտ» վարժարանի դահլիճում տեղի ունեցավ հիմնադիր դպրոցի կազմակերպած բազմաշերտ ու հետաքրքիր միջոցառումը:

     Քանի որ տարին թումանյանական է, միջոցառման հյուրերին ներկայացրին մի քանի գեղեցիկ երգ, որոնցից մեկի խոսքերի և երաժշտության հեղինակը Հովհ. Թումանյանն է, ու աշխույժ լիցք հաղորդեցին ներկաներին:

     Միջոցառման առաջին մասը ուներ «Կենդանի գիրք» խորագիրը:

    Դահլիճում ներկա աշակերտներից ու հյուրերից ձևավորվեցին մի քանի խմբեր, որոնք հերթով անցան տարբեր սեղանների մոտով: Յուրաքանչյուր սեղանի մոտ 5-ական րոպե կանգնելով՝ նրանք դիտեցին հետաքրքիր փորձեր (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, երաժշտություն, կերպարվեստ), որոնք ներկայացրին վարժարանի հմուտ մասնագետները՝ հանդես գալով որպես «կենդանի գիրք»: Ուշագրավն այն էր, որ վարժարանի բարձրակարգ մասնագետների հետ կրտսեր քվանտականների համար փորձեր էին անում նաև ավագ դասարաններում սովորող օլիմպիական քվանտականներից, որոնք հայտնի են միջազգային ասպարեզում իրենց օլիմպիական հաղթարշավով:

    Միջոցառմանը ներկա էին ծնողներ, ուսուցիչներ, հյուրեր: Թե´ մեծերը, թե´ փոքրիկները չափազանց տպավորված էին. մեկը մյուսից հետաքրքիր փորձերը և իրենց համար անհայտ աշխարհների բացահայտումը նոր ոգևորությամբ համակեց բոլորին:                                                                                                                    Հ. Լ.