Դասը վարում է «Քվանտ» վարժարանի շրջանավարտը․․․

Դասը վարում է «Քվանտ» վարժարանի շրջանավարտը․․․

29.10.2019

Օրերս «Քվանտ» վարժարանում էր ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտ Հրաչ Հայրապետյանը։ Եվրոպայի առաջատար համալսարաններից մեկում սովորող մեր սանը կարճ ժամանակով հայրենիքում էր և մինչ մեկնումը հարմար առիթը օգտագործել էր՝ հարազատ վարժարան գալու, սիրելի ուսուցիչներին տեսնելու, նաև վարժարանի հիմնականում ավագ դասարաններում սովորող պատանիների հետ դաս-հանդիպում անցկացնելու։
Դասի համար ընտրվել էր մի քանի թեմա։ Հրաչը ներկայացրեց իր անցած ուղին, խոսեց իրեն բաժին հասած դժվարությունների, արձանագրած հաջողությունների մասին, կարևոր խորհուրդներ տվեց, որոնց հետևելու դեպքում կրտսեր քվանտականները ևս կարող են լուրջ հաջողության հասնել։ Ապա անցավ բուն դասախոսությանը՝ խոսելով արհեստական բանականության, համակարգչային և համացանցային անվտանգության համակարգերի մասին։
Ուրախությամբ պիտի արձանագրենք, որ նրա ասածները մեծապես հետաքրքրեցին թե ավագ դասարանների սովորողներին, թե 8-րդ դասարանում սովորող մի խումբ պատանիների։ Դրա վկայությունն այն էր, որ դասախոսությունն ինչ-որ պահից վերածվեց բուռն քննարկման։ Հնչած հարցադրումներին Հրաչը փորձեց տալ սպառիչ պատասխաններ։
Դաս-քննարկման ավարտին Հրաչը իր կրտսեր ընկերներին հորդորեց շատ լավ սովորել բոլոր առարկաները, անիմաստ չվատնել ամենաթանկ կապիտալը՝ ժամանակը, և խորապես համոզված լինել, որ հաջողությունները երկար չեն սպասեցնի։