Մի գունեղ օր հյուրընկալ Արագածոտնում

Մի գունեղ օր հյուրընկալ Արագածոտնում

30.10.2019

Աշնանային մի գունեղ օր «Քվանտ» վարժարանի 8-3 դասարանի աշակերտները դասղեկ Կ․ Թովմասյանի ուղեկցությամբ  հյուրընկալ Արագածոտնում  էին։ Կազմակերպվել էր հերթական էքսկուրսիան։ Ընտրված երթուղին չափազանց ընդգրկուն էր։
Քվանտականները եղան ուշ միջնադարի Հայաստանի լավագույն  կառույցներից մեկում՝ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում և շատ տպավորվեցին նրա ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով։ Դասղեկ Կ․ Թովմասյանը արժեքավոր տեղեկություններ ներկայացրեց՝ նշելով, որ վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները։
«Քվանտ» վարժարանի սովորողները եղան նաև Հովհաննավանքում։ Նրանք մեծապես հետաքրքրված էին պատմական այն ժամանակաշրջանով, երբ ստեղծվել է վանքը, որ նաև հայոց հնագույն գրչության կենտրոններից մեկն է։
Սաղմոսավանքը հաջորդ կանգառն էր։ Բարձրադիր գեղատեսիլ վայրում գտնվող այդ վանքը աչքի ընկավ իր վեհությամբ, գրավչությամբ։ Երեխաները համակ ուշադրությամբ լսում էին դասղեկի մեկնաբանությունները․ որոշ դեպքերում իրենք էին ներկայացնում հետաքրքիր փաստեր՝ ամբողջացնելով պատկերը։
Ապարանի պատմության ու մշակույթի կարևոր հուշարձաններից մեկում ևս եղան քվանտականները․ խոսքը «Վերածնունդ» հուշահամալիրի մասին է։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝  Դրաստամատ Կանայանի հիշատակին։
Տառերի պուրակում մեծ էր քվանտականների ոգևորությունը․ յուրաքանչյուրը փորձում էր գտնել իր անվան սկզբնատառը։ Բոլորը տպավորված էին հայոց այբուբենի քարեղեն վեհությամբ։  
Հիշարժան տպավորություններով, լի աշնան արևով, վառ զգացողություններով, վերագտած էներգիայով ու ներդաշնակությամբ քվանտականները վերադարձան տուն։