15.12.2019
«Քվանտ» վարժարանում մշտապես կարևորել են համագործակցությունը ոչ միայն միջազգային կրթական կառույցների, այլև մեր հանրապետության տարբեր կրթօջախների հետ։ Քվանտականները՝ թե ուսուցիչ, թե աշակերտ երբեք չեն բավարարվում ունեցած հաջողություններով, մշտապես ձգտում են նոր հորիզոններ նվաճելու, նոր աշխարհներ բացահայտելու ու պատրաստակամ են իրենց փորձով, տքնաջան աշխատանքով ձեռք բերածին հաղորդակից դարձնել նաև այլոց։
Օրերս վարժարան էին եկել մայրաքաղաք Երևանի մի քանի դպրոցների ուսուցիչներ, որոնց հետաքրքրում էր հատկապես բնական գիտությունների դասավանդման փորձը վարժարանում։ Նրանք եղան վարժարանի ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության՝ ժամանակակից պահանջներին համապատասխան պարագաներով հագեցած լաբորատորիաներում, մեծ հետաքրքրությամբ ականատես եղան քվանտականների փորձերին ու ընդգրկուն մեկնաբանություններին։
Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ համագործակցության օրինակները այսուհետ ավելի շատ կլինեն, և «Քվանտ» վարժարանի ուսանելի փորձը իսկապես օրինակ կլինի ոչ միայն մայրաքաղաքի, այլև հանրապետության շատ դպրոցների համար։