Մայիսի 25-ին լրացավ անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանի ծննդյան 90-ամյակը։ Հոբելյանական օրվա առիթով վարժարանում բացվեց մեծանուն գիտնականի անունը կրող ընթերցասրահը։
Միջոցառումն անցավ հուզիչ ու ջերմ մթնոլորտում։ Ներկա էին Վլադիմիր Կիրակոսյանի հարազատները, տարբեր տարիների սաներ, գործընկերներ, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում նրա ղեկավարած գիտական խմբի անդամները, վարժարանի ուսուցիչներ և աշակերտներ։
Ընթերցասրահի բացման արարողության խորհրդանշական պահը վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը և մեծանուն գիտնականի դուստրերից մեկի մասնակցությամբ կարմիր ժապավենը կտրելու արարողությունն էր։ Վարժարանում պաշտոնապես իր դռները բացեց մի տարածք, որը այսուհետ կրելու է Վլադիմիր Կիրակոսյանի անունը՝ դառնալով գրքի, գիտելիքի, հիշողության և շարունակության վայր։
Ուշագրավ էր այն, որ ընթերցասրահի մի հատվածում ստեղծվել էր մեծանուն գիտնականին նվիրված անկյուն, որտեղ տեղ էին գտել նրա անձնական իրերից, թերթեր, հեղինակած գրքեր և լուսանկարներ։ Իր բարի ժպիտով ու կենսառատ տեսակով նա կարծես լուսանկարներից էլ ողջունում էր ներկաներին՝ օրը դարձնելով առավել հուզիչ և անմիջական։
Բացման արարողությունից հետո քվանտական փոքրիկները կատարեցին Հովհաննես Թումանյանի խոսքերով ու երաժշտությամբ գրված «Ա՜խ, ինչ լավ են սարի վրա» երգը։ Կատարումը խորհրդանշական էր հատկապես նրա համար, որ Վլադիմիր Կիրակոսյանը հայ գրականագիտության մեջ հայտնի է նաև որպես խորաթափանց թումանյանագետ։ Թումանյանի խոսքը փոքրիկների շուրթերից հնչեց որպես խոնարհում մեծ ուսուցչի, գիտնականի և մտավորականի հիշատակին։
Բացման խոսքով հանդես եկավ վարժարանի հասարակության հետ կապերի համակարգող, ՄԲ «Դիպլոմա» ծրագրի ուսուցիչ, ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դոցենտ, Վլադիմիր Կիրակոսյանի սան Լիլիթ Հակոբյանը։ Իր խոսքում նա անդրադարձավ Վլադիմիր Կիրակոսյանի գիտական, մանկավարժական և մարդկային կերպարին՝ ընդգծելով այն մեծ ազդեցությունը, որ ուսուցիչը թողել է իր սաների, գործընկերների և հայ գրականագիտական մտքի վրա։
Այնուհետև ներկայացվեց Վլադիմիր Կիրակոսյանի գործունեության մասին պատմող ֆիլմը, որը հնարավորություն տվեց ներկաներին ևս մեկ անգամ վերադառնալու նրա անցած ճանապարհին, գիտական վաստակին, մանկավարժական առաքելությանը և մարդկային նկարագրին։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան վարժարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Հռիփսիմե Բայրամյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եվա Մնացականյանը, Վլադիմիր Կիրակոսյանի դուստրը՝ ճարտարագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանը, ինչպես նաև այլ գործընկերներ և սաներ։
Ելույթներում ընդգծվեց, որ Վլադիմիր Կիրակոսյանը միայն գիտնական կամ մանկավարժ չէր․ նա մտավորականի այն տեսակն էր, որի գործունեության մեջ գիտությունը, կրթությունը և քաղաքացիական պատասխանատվությունը փոխկապակցված էին։ Երկար տարիներ աշխատելով Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ նա զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոն, ղեկավարել գիտական խումբ, իր ուսումնասիրություններով կարևոր ներդրում ունեցել թումանյանագիտության և արևմտահայ գրականության ուսումնասիրության ոլորտներում։
Վարժարանում բացված ընթերցասրահը ոչ միայն հարգանքի տուրք է մեծանուն գիտնականի հիշատակին, այլև նրա թողած արժեքների շարունակության խորհրդանիշ։ Այն լինելու է մի վայր, որտեղ գիրքը, միտքը և ուսումը շարունակելու են ապրել Վլադիմիր Կիրակոսյանի անվան ու վաստակի լույսի ներքո։
Հիշատակը՝ լույս, վաստակը՝ մնայուն, անունը՝ շարունակվող ներկայություն։