Այսօր «Քվանտ» վարժարանում առանձնահատուկ օր էր՝ լի ոչ միայն մարզական պայքարի ոգով, այլև խորին հարգանքի, հիշողության և ...
«Քվանտ» վարժարանի աշակերտները շարունակում են բարձր պահել վարժարանի անունը միջազգային հեղինակավոր հարթակներում՝ այս անգամ փայլուն արդյունք գրանցելով Պատանիների մաթեմատիկայի բալկանյան 30-րդ օլիմպիադայում։
Հունիսի 15-20-ը Ռումինիայի Բուզեու քաղաքում անցկացված օլիմպիադայում, որը մինչև 15․5 տարեկան դպրոցականների մաթեմատիկական գլխավոր միջազգային մրցույթներից է, «Քվանտ» վարժարանի աշակերտ Հայկ Մանուկյանը գրանցեց բացառիկ հաջողություն՝ ցուցաբերելով 100%-անոց արդյունք և ճանաչվելով բացարձակ հաղթող։
Հայկը նվաճեց օլիմպիադայի ոսկե մեդալը՝ դառնալով մրցույթի ամենափայլուն մասնակիցներից մեկը և հերթական անգամ ապացուցելով, որ «Քվանտ» վարժարանի մաթեմատիկական դարբնոցը շարունակում է արդյունավետորեն պատրաստել միջազգային մակարդակի ուժեղ ու մրցունակ աշակերտներ։
Այս հաղթանակը հատկապես խորհրդանշական է, քանի որ այն շարունակությունն է նախորդ տարվա քվանտական հաջողության․ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում Հայաստանի թիմի միակ ներկայացուցիչը՝ Տիգրան Հախեյանը, նույնպես «Քվանտ» վարժարանից էր և արժանացել էր արծաթե մեդալի։ Այս տարի արդեն քվանտականների հաղթարշավը հասավ ոսկե բարձունքին։
Հայկ Մանուկյանի արդյունքը ոչ միայն անհատական մեծ նվաճում է, այլև վարժարանի երկարամյա աշխատանքի, հետևողական պատրաստության, ուսուցիչների նվիրվածության և օլիմպիական մշակույթի վառ արտահայտություն։ Միջազգային նման հարթակներում 100%-անոց արդյունք ցուցաբերելը հազվադեպ և բարձրագույն մակարդակի ձեռքբերում է, որը հպարտության առիթ է քվանտական ողջ ընտանիքի համար։
Ջերմորեն շնորհավորում ենք Հայկ Մանուկյանին այս փայլուն հաղթանակի կապակցությամբ և մաղթում նոր նվաճումներ՝ միջազգային շատ ավելի մեծ ու պատասխանատու հարթակներում։
Քվանտականների հաջողությունները շարունակվում են՝ հաստատելով մեկ պարզ ճշմարտություն․ տաղանդը, աշխատանքը և ճիշտ միջավայրը միասին կարող են բերել ոսկե արդյունքների։ Հ. Լ.