Նորություններ

Նորություններ

Հայագիտակ 2025

17.03.2025

ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑԻՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՀԱՅԱԳԻՏԱԿ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ․․․

                                             

          2023 թվականին «Քվանտ» վարժարանում տրվեց ևս մեկ գեղեցիկ ավանդույթի մեկնարկ. վարժարանի հայոց լեզվի ու գրականության և պատմության ամբիոնների նախաձեռնությամբ կազմակերպվեց ու անցկացվեց «Հայագիտակ» մրցույթը, որի նպատակը հայրենաճանաչության ամրապնդումն է։

    Մեր օրերում համաշխարհայնացման հորձանուտի մեջ հայտնված անհատի համար առավել քան կենսական հնչեղություն ունեն ազգային արժեքներից չնահանջելը, ազգային արժեհամակարգի կրողը լինելը։ Այդ գիտակցումով «Քվանտ» վարժարանում մշտապես կազմակերպվում են հայրենաճանաչության ամրապնդմանն ուղղված տարբեր միջոցառումներ։ Դրանցից է նաև 7-9-րդ դասարաններում սովորողների համար նախատեսված «Հայագիտակ» մրցույթը։ Տեսակի մեջ եզակի այս մրցույթում հայրենագիտական առարկաներից («Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Հայ մշակույթ», «Հայոց եկեղեցու պատմություն») իրենց գիտելիքները ստուգում են պատանի քվանտականները։

    Մրցույթի համար ձևավորվել է հատուկ հանձնաժողով ԵՊՀ և վարժարանի հայոց լեզվի, գրականության, պատմության ու աշխարհագրության ամբիոնների մասնագետների մասնակցությամբ։ Հանձնաժողովի նախագահը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Հովիկ Գրիգորյանն է, փոխնախագահը՝ վարժարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Հռիփսիմե Բայրամյանը։ Մրցույթի համակարգողը վարժարանի պատմության ամբիոնի վարիչ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանն է։

   Յուրաքանչյուր տարիքային խմբում փայլուն արդյունք ցուցաբերած, ամենաբարձր միավորներ հավաքած մասնակիցները վարկանիշային սկզբունքով կարժանանան լուրջ մրցանակների։ Հաղթողների անունները կհրապարակվեն և մրցանակները կհանձնվեն ս․թ․ մարտի 18-ին՝ ժամը 9։15-ին, վարժարանի 203 բ լսարանում կազմակերպվելիք մրցանակաբաշխության ժամանակ։

   Ջերմորեն շնորհավորում ենք թե՛ մասնակիցներին, թե՛ հանձնաժողովի անդամներին՝ խորապես հավատալով, որ «Հայագիտակ» մրցույթը կմեծացնի իր ընդգրկումները և շատ արագ կարձանագրի նորանոր հաղթանակներ՝ նպաստելով հայրենաճանաչության չափազանց կարևոր գործին։                                                                                                                                                                       Հ․ Լ․