ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՓՈՐՁՈՎ՝ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ. ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆ ՓԱՅԼԵՑ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԲԱԼԿԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ...
02.07.2025
Հայաստանի մաթեմատիկական աստղը պայծառ լուսավորվեց Ստրուգայում. քվանտական Տիգրան Հախեյանը՝ առաջին հայաստանցին, պատանիների մաթեմատիկական բալկանյան օլիմպիադայում արժանացավ արծաթե մեդալի:
2025 թ․ հունիսի 24-29-ը Հյուսիսային Մակեդոնիայի Ստրուգա քաղաքը վերածվել էր մաթեմատիկական տաղանդների հանդիպման վայրի․ այդտեղ էին հավաքվել մինչև 15 տարեկան լավագույն պատանիները՝ պայքարելու պատանիների բալկանյան մաթեմատիկական օլիմպիադայի (JBMO 2025) մեդալների համար։
Այս պատմական միջոցառման առանձնահատուկ պահերից մեկը այն էր, որ Հայաստանի դրոշը առաջին անգամ բարձրացավ JBMO-ի օլիմպիական հարթակում։ Իսկ այդ խորհրդանշական պահը կերտեց «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի սովորող Տիգրան Հախեյանը: Նա արժանացավ արծաթե մեդալի՝ փայլուն հանդես գալով առաջին իսկ փորձի ժամանակ։
Տիգրանի հաղթանակը գիտելիքի, աշխատասիրության ու հաստատակամության լավագույն վկայություն է. քվանտական պատանին աչքի ընկավ իր խորագիտությամբ ու տրամաբանական ճշգրտությամբ։ Նա գրեթե անթերի լուծեց հանրահաշվի ու երկրաչափության բարդագույն խնդիրները՝ ցուցաբերելով համառություն, կենտրոնացում և վերլուծական մտքի բարձր մակարդակ։ Թվերի տեսության և կոմբինատորիկայի առաջադրանքներում ևս դրսևորեց հստակ առաջընթաց, որը խոսում է նրա մտավոր պաշարի շարունակական աճի և կարողությունների զարգացման մասին։
Այս արդյունքը պատահական չէր․ Տիգրանը և իր ընկեր Հայկ Մանուկյանը ողջ տարին հետևողականորեն հաճախել էին «Քառակուսի» հիմնադրամի կազմակերպած օլիմպիական խմբակներին՝ զարգացնելով իրենց կարողությունները։ ՀՀ-ն պետք է ներկայացնեին երկուսով՝ Տիգրանը և Հայկը: Վերջինս, սակայն, չկարողացավ մեկնել Ստրուգա՝ մուտքի արտոնագրի հետ կապված խնդրի պատճառով։
Տիգրանին ուղեկցում էր ԵՊՀ մագիստրոս, «Քառակուսի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վաչագան Դիլանյանը։
Այս մեդալը ոչ միայն անհատական նվաճում է, այլև կարևոր արձանագրում «Քվանտ» վարժարանի օլիմպիական պատմության մեջ։ Այն փաստում է, որ քվանտական կրթության միջավայրում աճում են մրցունակ, միջազգային ասպարեզում հանդես գալու ունակ նոր պատանիներ, որոնք գիտելիքը դիտարկում են ոչ թե որպես պարտականություն, այլ իբրև ոգեշնչող ճամփորդություն։
Տիգրան Հախեյանի արծաթե մեդալը հրաշալի մեկնարկ է դեպի մեծագույն հաղթանակներ։ «Քվանտ» վարժարանը, «Քառակուսի» հիմնադրամը, Տիգրանի ընտանիքը և ուսուցիչները միասին կերտեցին մի պատմություն, որը նոր էջ է միջազգային օլիմպիադաներին Հայաստանի մասնակցության մեջ։
Այս պատմությունն այստեղ չի ավարտվում։ Այսօր Տիգրանը արծաթե մեդալակիր է, իսկ վաղը, ինչու չէ, աշխարհի մաթեմատիկական ասպարեզի առաջնորդներից մեկը։ Հ.Լ.