Նորություններ

Նորություններ

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

21.07.2025


   «Քվանտ» վարժարանի տաղանդաշատ սաները հերթական անգամ բարձր պահեցին սիրելի կրթօջախի պատիվը՝ միջազգային գիտական ասպարեզում գրանցելով բացառիկ հաջողություն Կիրառական կենսաբանության՝ 2025 թ. հունիսի 26-30-ը 5-րդ միջազգային օլիմպիադայում։ Մեր աշակերտներն իրենց գիտելիքներով, վերլուծական մտածողությամբ և անկոտրում կամքով արժանացան միջազգային հանձնաժողովի բարձր գնահատականին՝ նվաճելով միանգամից հինգ մեդալ՝ երեք արծաթ և երկու բրոնզ։
   Օլիմպիադայի պաշտոնական կազմակերպիչ երկիրը Ինդոնեզիան էր, անցկացման վայրը՝ Բալի քաղաքը։ Մեր թիմը մասնակցեց առցանց ձևաչափով՝ «Քվանտ» վարժարանը ու Հայաստանը ներկայացնելով պատվով և փայլուն արդյունքներով։ Քվանտական պատանիներ Մկրտիչ Պապոյանը (10-րդ դասարան), Ավետ Բադալյանը (10-րդ դասարան) և Արամ Աղաբաբյանը (12-րդ դասարան) արժանացան արծաթե, իսկ Էդգար Խաչատրյանը (10-րդ դասարան) և Աստղիկ Մարգարյանը (9-րդ դասարան)՝ բրոնզե մեդալների:
    «Քվանտ» վարժարանի՝ գիտության ու նորարարության հանդեպ հավատը ևս մեկ անգամ արդարացավ։ Մեր աշակերտների ձեռքբերումները խոսում են այն մասին, որ կրթական ճիշտ քաղաքականության, տեսական հիմքի և պրակտիկ փորձառության համադրման դեպքում հնարավոր է ոչ միայն հասնել հաջողության, այլև դառնալ օրինակ միջազգային մակարդակով։
Շնորհավորում ենք հաղթող քվանտականներին, նրանց ծնողներին, ինչպես նաև մասնագիտական հմուտ թիմին, որը մեծ նվիրումով ճանապարհ է հարթում դեպի գիտության բարձունքներ։
Քվանտականի հաղթանակը բոլորիսն է։ Գիտելիքը ուժ է, իսկ «Քվանտ» վարժարանը՝ անփոխարինելի գիտելիքի տուն։
        Հ.Լ.