Նորություններ

Նորություններ

ՀՀ ԿԳՄՍՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ՝ «ՈւՂԵԾԻՐ» ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ

22.07.2025

 «Քվանտ» վարժարանի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարը հերթական անգամ դարձավ կրթական կարևոր քննարկումների հարթակ։ Վարժարանի քառօրյա աշխատաժողովի շրջանակում հյուրընկալվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

   Այցի ընթացքում Թ. Սարգսյանը հանդիպեց վարժարանի՝ ճամբարում հավաքված մանկավարժական անձնակազմին։ Նա հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման և կամավոր ատեստավորման պետական ծրագրի ընթացքն ու հեռանկարները։ Հատուկ ուշադրություն դարձվեց վերապատրաստման արդյունավետությանը, ատեստավորման գործընթացում գիտական և մեթոդական չափորոշիչների ներդրմանը, ինչպես նաև ուսուցչի դերի բարձրացման կարևորությանը։

   Հյուրի այցի առանցքային կետերից մեկն էր ուսուցիչների ատեստավորման՝ «Քվանտ» վարժարանի կողմից մշակված հայեցակարգին ծանոթանալը։ Ներկայացված մոտեցումը արժանացավ դրական արձագանքի։ Թ. Սարգսյանը կարևորեց այն փաստը, որ կրթական հաստատությունը սեփական նախաձեռնությամբ մշակել է վերապատրաստման և գնահատման համապարփակ մոդել՝ հիմնված արդի կրթական չափանիշների վրա։ Տասնամյակներ շարունակ մասնավոր կրթական հաստատությունները ունեցել են հեղինակային ծրագրեր, ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման սեփական մոդել, որոնց շնորհիվ արձանագրել են ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման ընտիր օրինակներ: Վարժարանի՝ արդեն շուրջ 3,5 տասնամյակի արդյունավետ ուղին թե՛ ազգային, թե՛ միջազգային կրթության ասպարեզում հաշվի առնելով՝ քվանտականները հույս հայտնեցին, որ այս անգամ էլ պետությունը կվստահի վարժարանին՝ թույլ տալով ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացները կազմակերպել սեփական հայեցակարգով:

   «Ուղեծիր»-ում կազմակերպված հանդիպումն արձանագրեց կրթության նկատմամբ ոչ միայն պետական, այլև հասարակական ակտիվ դիրքորոշում։ Քննարկումները ցույց տվեցին, որ բարեփոխումները կարող են հաջողությամբ իրագործվել, երբ պետությունը, մասնավոր հատվածն ու մանկավարժները հանդես են գալիս համագործակցության նույն հարթակից։

   «Քվանտ» վարժարանը շարունակելու է հանդես գալ կրթական նորարար նախաձեռնություններով՝ համագործակցելով ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման պատասխանատուների հետ։

                                                                                                            Հ.Լ.