Նորություններ

Նորություններ

ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՆՈՐ ՆՎԱՃՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎՈՒՄ

22.07.2025

   «Քվանտ» վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 11-րդ դասարանի սովորող Ալեքս Գրիգորյանը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է...

   2025 թվականի հուլիսի 10-20-ը Ավստրալիայի արևոտ Քվիսլենդ քաղաքում տեղի ունեցավ ամենահեղինակավոր մրցույթներից մեկը՝ մաթեմատիկայի միջազգային 66-րդ օլիմպիադան (IMO 2025): Մրցույթն անցկացվեց երկու տեսական փուլով՝ համախմբելով մաթեմատիկական վառ ուղեղներ ամբողջ աշխարհից։

   Այս տարի օլիմպիադային մասնակցեցին 110 երկրների 630 աշակերտներ: Յուրաքանչյուր երկիր ներկայացել էր առավելագույնը 6-հոգանոց թիմով։ Հայաստանը ևս համալրեց գիտական մեծ հանրույթը՝ ներկայացնելով տաղանդաշատ երիտասարդներից կազմված պատվիրակություն։

    ՀՀ թիմի ելույթը գրանցեց պատվաբեր արդյունք՝ նվաճելով 3 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր։ Հպարտությամբ արձանագրում ենք, որ բրոնզե մեդալակիրներից մեկը հենց մեր կրթօջախի՝ «Քվանտ» վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի սովորող Ալեքս Գրիգորյանն է։

   Ալեքսի այս հաղթանակը ոչ միայն իր աշխատասիրության ու մտավոր հզորության արդյունքն է, այլև վարժարանի կրթական նորարարական ծրագրերի և նպատակասլաց մանկավարժների նվիրումի վկայությունն է։ Նրա անունը վաղուց արդեն հայտնի է ոչ միայն մաթեմատիկայի, այլև ինֆորմատիկայի միջազգային օլիմպիական ասպարեզում․ սա նրա առաջին հաղթանակը չէ։ Արդեն մի քանի տարի է՝ նա մասնակցում է միջազգային տարբեր օլիմպիադաների՝ ցուցաբերելով կայուն առաջընթաց, մեդալային շարունակական ձեռքբերումներ և մտավոր եզակի ճկունություն։ Այս նոր մեդալը ևս մեկ փայլուն հանգրվան է նրա օլիմպիական հաղթարշավում։

   Այսպիսի հաղթանակներն ապացուցում են, որ կրթական-գիտական բարձր մակարդակը սկիզբ է առնում դպրոցից։ Իսկ այնտեղ, որտեղ կան նպատակասլաց աշակերտներ և կրթական հոգատար միջավայր, հաջողությունը պարզապես անխուսափելի է։

    Ալեքսի պատմությունը ոչ միայն արձանագրված հաջողություն է, այլև ոգեշնչող ուղեցույց բոլոր այն աշակերտների համար, որոնք ձգտում են ակադեմիական բարձր նպատակների։

    Ջերմորեն շնորհավորում ենք Ալեքսին և մաղթում նորանոր բարձունքներ գիտության ու գիտելիքի ճանապարհին։

Փա՛ռք գիտելիքին և լուրջ գիտելիքով ամրագրված հաղթանակին։

                                                                                                       

     Հ. Լ.