Նորություններ

Նորություններ

ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է ԹԵ' ՔՎԱՆՏԱԿԱՆ ԱՇԱԿԵՐՏԸ, ԹԵ' ՎԱՐԺԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՈՒՍՈՒՑԻՉԸ. ՀԱՂԹԱԿԱՆ ԼՈԻՐԵՐԻ ՇՔԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...

29.07.2025

     «Քվանտ» վարժարանի աշակերտները միջազգային այս հեղինակավոր օլիմպիադայից ևս հաղթանակով վերադարձան հայրենիք։

    Հայաստանյան պատվիրակությունը հիանալի արդյունքներ է արձանագրել կենսաբանության միջազգային օլիմպիադայում` ոսկի և բրոնզ։
    Հայաստանն այս տարի փայլուն է հանդես եկել հուլիսի 20-27-ը Ֆիլիպինների Կեսոն Սիթի քաղաքում անցկացված «Կենսաբանություն» առարկայի 36-րդ միջազգային օլիմպիադայում՝ նվաճելով երեք մեդալ՝ մեկ ոսկե և երկու բրոնզե։ Մեծագույն հպարտությամբ ու խանդավառությամբ նշում ենք, որ այդ մեդալներից երկուսին՝ ոսկուն և բրոնզին, արժանացել են հենց քվանտական պատանիները։ Աշխարհի 77 երկրի 300 ուժեղագույն մասնակիցների հետ մրցակցության մեջ լինելով` միջազգային այս հեղինակավոր մրցույթում «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի սովորող Տաթև Սիմոնյանը դարձել է Հայաստանի միակ ոսկե մեդալակիրը՝ գրանցելով բացառիկ արդյունք միջազգային չափանիշներով։ Նրա հաջողությունը վկայում է ինչպես անձնական գերազանց պատրաստվածության, այնպես էլ վարժարանի կրթական որակի մասին։
    Մյուս քվանտականը` Արա Մելքոնյանը, արժանացել է բրոնզե մեդալի` փաստելով, որ «Քվանտ»-ը գիտության և նորարարության առաջատար կրթօջախ է։
Ուշագրավ է նաև այն, որ ՀՀ պատվիրակության երկու ղեկավարներից մեկը՝ Վահագն Գևորգյանը, որ այժմ «Քվանտ» վարժարանի կենսաբանության ուսուցիչ է, վարժարանի լավագույն շրջանավարտներից է։ Նաև նրա վարած օլիմպիական խմբակի պարապմունքների շրջանակում խորքային դասավանդման շնորհիվ է թիմը հաջողությամբ հաղթահարել միջազգային մրցույթի փորձությունները՝ տեսական և գործնական առաջադրանքները, որոնք ընդգրկել են կենսաբանության տարբեր բաժիններ։
     Նշենք, որ նախորդ՝ 35-րդ օլիմպիադայում, որը տեղի էր ունեցել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, Հայաստանի թիմն արժանացել էր երկու բրոնզե մեդալի։ Այս տարվա միակ ոսկին, որը վաստակել է հենց «Քվանտ» վարժարանի սանը, խոսում է զարգացման ակնառու ուղու և որակյալ կրթության մասին։
     Ջերմորեն շնորհավորում ենք թե' հաղթող քվանտականներին, թե' նրանց ընտանիքներին և թե' ուսուցիչներին՝ միջազգային հարթակում մեր երկրի պատիվը բարձր պահելու համար և մաղթում ենք նորանոր նվաճումներ կյանքի բոլոր բնագավառներում։
                                         Հ.Լ.