Նորություններ

Նորություններ

ԱՐԾԱԹԵ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ

02.08.2025

    2025 թվականի օգոստոսի 1-ին կրթական նոր փայլուն էջ գրանցվեց «Քվանտ» վարժարանի օլիմպիական պատմության մեջ։ Վարժարանի 12-րդ դասարանի սովորող Սաթի Հայրապետյանը, գերազանց հանդես գալով աշխարհագրության 21-րդ միջազգային օլիմպիադայում, վերադարձավ արծաթե մեդալով՝ պարգև, որը վկայում է գիտելիքի, նվիրումի և հայրենասիրության իսկական ուժի մասին։

    Օլիմպիադայի հարթակն այս անգամ Բանգկոկն էր՝ Թաիլանդի արևոտ մայրաքաղաքը, որը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը հյուրընկալեց 47 երկրներից ժամանած 179 շնորհալի աշակերտների։ Յուրաքանչյուր երկրի թիմն ընդգրկում էր առավելագույնը 4 մասնակից, իսկ Հայաստանը ներկայացրած քառյակում վերստին աչքի ընկավ «Քվանտի» գերազանցիկ ներկայությունը:
Հայկական թիմը ղեկավարել են Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան) և Գոռ Ալեքսանյանը (ԵՊՀ)։
   Մրցույթի կառուցվածքն առանձնանում էր գիտական բարձր մակարդակով և բազմաշերտությամբ։ Այն ներառում էր երեք փուլ՝
1. տեսական առաջադրանքներ,
2. դաշտային հետազոտություններ՝ երկու ենթափուլով,
3. մուլտիմեդիա ձևաչափով ստեղծագործական վարժություններ։
   Սաթի Հայրապետյանը փայլեց բոլոր փուլերում՝ դրսևորելով վերլուծական խոր միտք, մասնագիտական գրագետ լեզու և հստակ կողմնորոշված աշխարհագրական աշխարհայացք։ Նրա արծաթե մեդալը սոսկ անհատական հաղթանակ չէ. դա մասնավորապես «Քվանտ» վարժարանի բովանդակային ու համակարգված աշխատանքի արդյունքն է։
Ուրախությամբ արձանագրենք, որ սա Սաթիի առաջին հաջողությունը չէ միջազգային հարթակում։ Նա արծաթե մի մեդալի էլ արժանացել է աշխարհագրության՝ վերջերս կայացած միջազգային բաց օլիմպիադայում: Դա մեկ անգամ ևս ընդգծում է նրա համառությունը, աշխատասիրությունն ու ոլորտի հանդեպ անկեղծ սերը։
     Կարևոր է նշել, որ բացի օլիմպիական այս փայլուն ձեռքբերումներից՝ Սաթին վարժարանի՝ այս տարվա Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի լավագույն շրջանավարտներից է և շուտով կրթությունը շարունակելու է աշխարհի առաջատար համալսարաններից մեկում։ Նրա՝ որպես աշխատասեր, լայն մտահորիզոն ունեցող և պատասխանատու աշակերտի կերպարը կարող է օրինակ ծառայել նոր սերնդի համար։
     Ջերմորեն շնորհավորում ենք Սաթի Հայրապետյանին, նրա ընտանիքին, ուսուցիչներին՝ կրթական այս խոշոր նվաճման կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր նվաճումներ։ Այսպիսի օրինակները հիշեցնում են՝ գիտելիքը հաղթանակի ամենահզոր զենքն է։
Կրթությունն է գալիքի քարտեզը։ Իսկ «Քվանտը» վստահ, ճշգրիտ և տպավորիչ ուղով է գծում այդ ճանապարհը։ Հ. Լ.