ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՆՎԵՐՆ Է․․․
06.10.2025
Ուսուցչի օրը «Քվանտ» վարժարանում կրկին վերածվեց հիշարժան, ջերմությամբ ու սրտառուչ հույզերով լի տոնի։ Այս տարի օրն ավելի քան խորհրդանշական էր․ փոքրիկ քվանտականները՝ 3-2 դասարանի պատանիները (դասվար՝ Մ․ Ավետյան), մաքուր ու անկեղծ ժպիտներով, ձեռքում պահած սրտիկներով լի զամբյուղը, շրջում էին վարժարանի միջանցքներով ու իրենց հանդիպած յուրաքանչյուր ուսուցչի մատուցում մի փոքրիկ հրաշք՝ ձեռքով պատրաստված բացիկ՝ սրտի խորքից բխող մաղթանքներով։
Քվանտական սիրո փոքրիկ սուրհանդակները, դասասենյակների դռների ետևում հանկարծակի հայտնվելով, ուսուցիչներին փոխանցում էին ոչ միայն բացիկներ, այլև սրտիկների լեզվով՝ անմիջական ջերմություն, երախտագիտություն ու մանկական պարզ սեր, իրենց փոքրիկ ձեռքերի մեծ երախտագիտությունը։ Բացիկների վրա գրված էին իրենց բառերով ձևակերպած մաղթանքներ, որոնք անշուշտ հուզեցին ուսուցիչներից շատերին․ «Շնորհակալություն Ձեր լուսավոր առաքելության համար», «Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում, այլև սեր․․․»․․․
Այս գեղեցիկ նախաձեռնությունը՝ «Սրտիկներով լի զամբյուղը ուսուցիչներին», դարձավ բարի ու գեղեցիկ հույզերի իսկական շքերթ, որտեղ միահյուսվել էին մանկական անմեղությունը և ուսուցչի վեհ առաքելությունը։ Վարժարանի ուսուցիչը ևս մեկ անգամ գիտակցեց իր աշխատանքի կարևորությունը մանուկ հայացքների միջով։
Ուսուցչի օրը աշակերտների ստեղծարար ու հուզիչ մասնակցությամբ ևս մեկ անգամ հիշեցրեց՝ վարժարանը ոչ միայն գիտելիքի տաճար է, այլև սրտերի կրթության վայր, որտեղ սերը, ուշադրությունն ու բարին մշտապես ապրում են՝ սերունդ առ սերունդ փոխանցվելով փոքրիկ սրտերից դեպի ուսուցչի մեծ հոգին։
Հ․Լ․