Քվանտական պատանիները շարունակում են իրենց տաղանդով և աշխատասիրությամբ պատվով ներկայացնել սիրելի կրթօջախը միջազգային հարթակներում։
Այս անգամ ուրախությամբ արձանագրում ենք գեղեցկուհի քվանտականների` Արիանա Վարդանյանի ու Նանե Աղամիրյանի նշանակալի հաջողությունը։
Ս.թ. մայիսի 12֊17֊ը նրանք մասնակցել են Իտալիայի Բարլետտա քաղաքում անցկացված «Young Musician International Competition» միջազգային հեղինակավոր երաժշտական մրցույթին։ Նանեն արժանացել է առաջին, իսկ Արիանան` երկրորդ մրցանակի։
Այս ձեռքբերումը ոչ միայն երաժշտական կարողությունների, այլև նպատակասլացության, հետևողական աշխատանքի և արվեստի հանդեպ ունեցած մեծագույն նվիրումի գեղեցիկ վկայությունն է։ Միջազգային մրցույթում մրցանակային տեղ զբաղեցնելը կարևոր քայլ է յուրաքանչյուր պատանի երաժշտի ստեղծագործական ճանապարհին, մեծ հպարտություն նաև վարժարանի համար։
Ջերմորեն շնորհավորում ենք պատանի քվանտականներին, նրանց հաղթանակի կերտման գործում կարևոր ներդրում ունեցած ուսուցիչներին, ինչպես նաև նրանց հաղթանակից ուրախացած բոլոր մարդկանց։ Մաղթում ենք նորանոր բեմեր, ստեղծագործական բազում հաղթանակներ և շարունակական վերելքներ արվեստի լուսավոր ճանապարհին։
Հ.Լ.