«Քվանտ» վարժարանի սաները հերթական անգամ փայլուն արդյունք են գրանցել միջազգային կրթական ասպարեզում՝ պատվով ներկայացնելով հարազատ կրթօջախը Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայում՝ IABO-ում։
Օլիմպիադան անցկացվել է Ինդոնեզիայի Բալի քաղաքում, իսկ եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն են ստացել այն աշակերտները, որոնք հաջողությամբ հաղթահարել էին նախորդ երկու առցանց փուլերը։ Միջազգային մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցել են 7 երկրների՝ Ինդոնեզիայի, Վիետնամի, Թաիլանդի, Մալազիայի, Հայաստանի, Ռուսաստանի և Ռումինիայի 214 աշակերտներ։
Հեղինակավոր այս մրցույթում քվանտական պատանիները նվաճել են 8 մեդալ՝ 3 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ գիտելիքի, աշխատասիրության և նպատակասլացության համադրությունը բերում է միջազգային ճանաչման։
Ոսկե մեդալներով իրենց օլիմպիական զինանոցը հարստացրել են Ռոբերտ Գեղամյանը (9-րդ դասարան), Սամվել Խաչատրյանը (10-րդ դասարան), Սոֆի Ծուլիկյանը (10-րդ դասարան)։
Արծաթե մեդալ են նվաճել Ալեքսանդր Գրիգորյանը (10-րդ դասարան), Գևորգ Գասպարյանը (10-րդ դասարան), Աննա Ստեփանյանը (11-րդ դասարան)։
Բրոնզե մեդալների են արժանացել Արամ Մուրադյանը (9-րդ դասարան), Եվա Դարբինյանը (10-րդ դասարան)։
Այս արդյունքը ոչ միայն անհատական հաջողություն է, այլև վարժարանի կրթական-գիտական առողջ միջավայրի, ուսուցիչների նվիրված աշխատանքի և աշակերտների հետևողական պատրաստվածության վառ արտահայտությունը։ Ուշագրավն այն է, որ քվանտականների օլիմպիական խմբակի ուսուցիչը վարժարանի շրջանավարտ, կենսաբանության՝ 2025 թվականի միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր Տաթև Սիմոնյանն է: Հենց նա էլ իր մեծ փորձով ու անձնվեր աշխատանքով մեծապես նպաստել է մեր պատանիների այս փառահեղ հաղթանակի կերտմանը:
Քվանտական պատանիները միջազգային մրցույթում հանդես են եկել արժանապատվորեն՝ ցուցադրելով ոչ միայն կենսաբանության խոր գիտելիքներ, այլև վերլուծական մտածողություն, պատասխանատվություն և մրցակցային բարձր պատրաստվածություն։
«Քվանտ» վարժարանը շարունակում է մնալ կրթական այն միջավայրը, որտեղ տաղանդը զարգանում է, գիտելիքը դառնում է ուժ, իսկ պատանիների նվաճումները կերտում են վարժարանի հաղթական պատմության նորանոր էջեր։
Շնորհավորում ենք հաղթող պատանիներին, նրանց ուսուցիչներին և քվանտական մեծ ընտանիքին՝ միջազգային այս փայլուն հաջողության կապակցությամբ։ Հ. Լ.