ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ԼՈՒՅՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԸ» «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ՈՒՄ
07.07.2026
2026 թվականի հունիսի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Լույսի միջազգային օր» նախաձեռնության շրջանակում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում անցկացվեց «Բաց դռների օր», որին մասնակցեցին նաև «Քվանտ» վարժարանի սաները։
Միջոցառումը համախմբել էր շուրջ 100 դպրոցականի, ուսանողի և գիտությամբ հետաքրքրվող մասնակցի կրթական մի շարք հաստատություններից, այդ թվում՝ «Քվանտ» վարժարանից։
Այցի նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել ժամանակակից գիտության նվաճումներին, լույսի վրա հիմնված տեխնոլոգիաների կիրառություններին, ինչպես նաև «ՔԵՆԴԼ» ինստիտուտի գիտահետազոտական գործունեությանը։ Մասնակիցները շրջեցին ինստիտուտի գիտական լաբորատորիաներով, ծանոթացան ժամանակակից գիտական սարքավորումներին, արագացուցչային և սինքրոտրոնային տեխնոլոգիաների կիրառություններին ու դրանց միջոցով իրականացվող հետազոտություններին։
«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի գիտաշխատողները ներկայացրին լույսի և էլեկտրամագնիսական ճառագայթման հիմնարար նշանակությունը ֆիզիկայի, նյութագիտության, կենսաբանության, բժշկության և մի շարք այլ գիտական ոլորտներում։ Դպրոցականների համար հատկապես ուշագրավ էր տեսնել, թե ինչպես է լույսը, լինելով բնության ամենահիմնարար երևույթներից մեկը, դառնում գիտական բացահայտումների, տեխնոլոգիական առաջընթացի և կիրառական նորարարությունների հիմք։
Հյուրերի համար կազմակերպվել էին նաև գիտահանրամատչելի ցուցադրություններ և փորձեր, որոնք հնարավորություն տվեցին դիտարկել լույսի տարբեր հատկություններն ու ֆիզիկական երևույթները՝ պարզ, հասկանալի և հետաքրքիր ձևաչափով։ Մասնակիցները ոչ միայն լսեցին մասնագետների բացատրությունները, այլև հնարավորություն ունեցան անմիջականորեն շփվելու գիտնականների հետ, հարցեր ուղղելու նրանց և ծանոթանալու հետազոտողի աշխատանքի իրական միջավայրին։
Միջոցառման կարևոր բաղադրիչներից էր պատանիների մասնագիտական կողմնորոշման խթանումը։ Գիտական կենտրոնում անցկացրած օրը մասնակիցներին հնարավորություն տվեց ավելի հստակ պատկերացնելու գիտնականի աշխատանքը, հետազոտական գործընթացի առանձնահատկությունները և գիտության դերը ժամանակակից աշխարհի զարգացման մեջ։ Նման այցերը կարևոր են հատկապես դպրոցականների համար, քանի որ օգնում են տեսական գիտելիքները կապելու իրական գիտական միջավայրի հետ, բացահայտելու մասնագիտական նոր հետաքրքրություններ։
«Քվանտ» վարժարանի սաների մասնակցությունը նման նախաձեռնություններին ևս մեկ անգամ ընդգծում է վարժարանի հետևողական մոտեցումը՝ խրախուսելու աշակերտների հետաքրքրությունը բնագիտական առարկաների, հետազոտական մտածողության և նորարարական տեխնոլոգիաների հանդեպ։ Գիտական հաստատություններ այցելությունները հնարավորություն են տալիս աշակերտներին տեսնելու, որ հարազատ կրթօջախում ստացած գիտելիքները կարող են դառնալ իրական հետազոտությունների, բացահայտումների և ապագա մասնագիտական ուղու հիմք։
Լույսի միջազգային օրվան նվիրված «Բաց դռների օրը» դարձավ գիտության, կրթության և հետաքրքրասիրության գեղեցիկ հանդիպման հարթակ։ Միջոցառումն ավարտվեց տպավորություններով լի քննարկումներով և նոր գիտական հետաքրքրություններով։ Քվանտականների համար այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ դարձավ կարևոր ու հիշարժան փորձառություն՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ գիտության հանդեպ սերը սկսվում է հետաքրքրությունից, իսկ հետաքրքրությունը՝ նման անմիջական, բաց և ոգեշնչող հանդիպումներից։
Հ․ Լ․