«Քվանտ» վարժարանի երեք պատանի փայլուն արդյունք է գրանցել Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացված Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում՝ նվաճելով մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ։
Աշխարհի աշակերտական ամենահեղինակավոր մրցույթներից մեկին այս տարի մասնակցել է 120 երկրի 666 աշակերտ։ Օլիմպիադան անցկացվել է երկու տեսական փուլով, որոնց ընթացքում մասնակիցները լուծել են լուրջ բարդության մաթեմատիկական խնդիրներ՝ ցուցադրելով իրենց գիտելիքները, տրամաբանական մտածողությունն ու ստեղծագործական մոտեցումը։
«Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մանուկյանն արժանացել է արծաթե մեդալի։ Վարժարանի ևս երկու 10-րդ դասարանցիներ՝ Տիգրան Հախեյանը և Արեն Գրիգորյանը, նվաճել են բրոնզե մեդալներ։
Այսպիսով, Հայաստանի հավաքականի նվաճած մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալներից երեքը բերել են «Քվանտ» վարժարանի սաները՝ նշանակալի ներդրում ունենալով ազգային թիմի հաջողության մեջ։
Միջազգային օլիմպիադայում գրանցված այս արդյունքը վարժարանի աշակերտների հետևողական աշխատանքի, բարձր պատրաստվածության, ինչպես նաև նրանց ուսուցիչների և մարզիչների նվիրված աշխատանքի հերթական վկայությունն է։
Շնորհավորում ենք Հայկ Մանուկյանին, Տիգրան Հախեյանին և Արեն Գրիգորյանին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ, գիտակրթական բացահայտումներ և բարձր նվաճումներ միջազգային հարթակներում։
Հ. Լ.