Խոր վշտով տեղեկացնում ենք, որ երկարատև հիվանդությունից հետո 67 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է «Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի բազմամյա, վաստակաշատ ուսուցիչ Պետրոս Կարեյանը։
Պ. Կարեյանի անունը շուրջ երեք տասնամյակ անբաժանելի է եղել մանկավարժությունից, հայոց լեզվից ու գրականությունից։ Իր շուրջ 30 տարվա աշխատանքային գործունեության 28 տարին նա նվիրել է «Քվանտ» վարժարանին՝ դառնալով կրթօջախի պատմության, ավանդույթների և մտավոր միջավայրի կարևոր մասնիկը։
Նա այն ուսուցիչներից էր, որոնց դասերը չեն ավարտվում դասաժամի զանգով։ Պետրոս Կարեյանը հատկապես մեծ խանդավառությամբ էր վարում գրականության դասերը՝ յուրաքանչյուր ստեղծագործություն վերածելով մտավոր ճամփորդության, մարդկային հոգու, ժամանակի և հասարակության մասին խորքային զրույցի։ Նրա խոսքը կենդանի էր, պատկերավոր ու ներգործուն, իսկ գրական կերպարների ու երևույթների մեկնաբանությունները՝ ինքնատիպ, հաճախ անսպասելի և մշտապես մտածելու տեղիք տվող։
Նրա դասերը հիշվում են խորքային վերլուծություններով, ինքնատիպ մեկնաբանություններով, լուրջ հումորով և երևույթներն ու մարդկային վարքագիծը դիպուկ, որոշ դեպքերում նաև սարկաստիկ դիտարկումներով ներկայացնելու բացառիկ կարողությամբ։
Երբեմն մեկ արտահայտությամբ նա կարողանում էր բացահայտել երևույթի էությունը, ժպիտ պարգևել լսարանին և միաժամանակ կարևոր միտք փոխանցել։ Այդ յուրահատուկ ոճը նրա դասերը դարձնում էր հիշվող, իսկ իր կերպարը՝ առանձնահատուկ ու անկրկնելի։
Պետրոս Կարեյանը ոչ միայն փորձառու ուսուցիչ էր, այլև իր մասնագիտական գիտելիքներն ու տարիների փորձը կրթական գրականության մեջ ներդրած հեղինակ։ Նա համահեղինակ է «Հայոց լեզվի հարցարան» ուսումնաօժանդակ ձեռնարկի, որը կարևոր ներդրում է հայոց լեզվի ուսուցման, սովորողների գիտելիքների ամրապնդման և ուսուցիչների աշխատանքին աջակցելու գործում։
Գործընկերների համար նա ընկերասեր, սկզբունքային ու վստահելի մարդ էր, իսկ աշխատանքում՝ կարգապահ, պահանջկոտ և պատասխանատու մանկավարժ։ Նրա համար ուսուցչի առաքելությունը երբեք չէր սահմանափակվում միայն գիտելիք փոխանցելով․ նա ձևավորում էր մտածողություն, ճաշակ, խոսքի մշակույթ և գրականության հանդեպ կենդանի հետաքրքրություն։
Պետրոս Կարեյանի սաներից շատերի հիշողության մեջ սիրելի ուսուցիչը կմնա ոչ միայն իբրև հայոց լեզվի ու գրականության բարձրակարգ մասնագետ, այլև որպես խորաթափանց մտավորական, յուրահատուկ հումորով մարդ և ուսուցիչ, որի յուրաքանչյուր դաս իր մեջ կրում էր մտածելու, զգալու և աշխարհը նորովի ընկալելու հնարավորություն։
Պետրոս Կարեյանի կորուստը մեծ ցավ է «Քվանտ» վարժարանի ողջ համայնքի համար։ Սակայն նրա թողած մանկավարժական ժառանգությունը, փոխանցած արժեքները, խոսքն ու կերպարը դեռ երկար կապրեն գործընկերների և աշակերտների հիշողություններում։
«Քվանտ» վարժարանի տնօրենությունը, մանկավարժական կազմն ու ողջ համայնքը խորապես ցավակցում են Պետրոս Կարեյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու սիրել են նրան։
Խոնարհում վաստակաշատ մանկավարժի հիշատակին։
Լույս և խաղաղություն նրա հոգուն։
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը հուլիսի 23-ին ժ. 17:00-20:00, «Հավերժություն» սգո սրահում (հասցե ք.Երևան, Բագրատունյաց 44/2):
Հուղարկավորությունը հուլիսի 24-ին` ժ.13:00, նույն վայրից: