Նորություններ

Նորություններ

Կրթվում ենք՝ հանուն հաղթանակի․․․

09.11.2020

Հայի անկոտրում կամքը և սովորելու աննահանջ ցանկությունը չեն կարող կոտրել ո՛չ պատերազմը, ո՛չ ավերված դպրոց ունենալը։ Արցախցի երեխաների կրթության շարունակականությունը ապահովելու համար պատերազմը սկսվելու հենց առաջին օրերից հիմք դրվեց մի կարևոր նախաձեռնության՝ «Կրթություն՝ հանուն հաղթանակի», որի շրջանակում տարբեր առարկաների մասնագետների միավորեց մի գաղափար՝ ապահովել Արցախից ժամանած դպրոցահասակ երեխաների կրթության շարունակականությունը։ Մեծ պատրաստակամությամբ հենց առաջին օրերից նախաձեռնությանն են միացել նաև «Քվանտ» վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի ուսուցիչներ Քրիստինե Տոնոյանը (անգլերեն) և Լիլիթ Հակոբյանը (հայոց լեզու, հայ և համաշխարհային գրականություն)։ Արցախցի պատանիների հետ առաջին հանդիպումից և զրույցից հետո նրանք մշակել են նաև վերջիններիս նախասիրությունները ներառող ծրագիր և մեծ խանդավառությամբ աշխատում են երեխաների հետ։
«Քվանտ» վարժարանի անգլերենի ամբիոնի աշխատակից Ք․ Տոնոյանը հավատացրեց, որ չափազանց պարտավորեցնող է այն, ինչ ինքը անում է և մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում այս նախաձեռնությանը՝ փորձելով հնարավորինս արդյունավետ ու հետաքրքիր կազմակերպել դասերը։
Վարժարանի հայոց լեզվի ամբիոնի աշխատակից, նաև ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոս Լ․ Հակոբյանը նշեց, որ թեև արցախցի պատանիների հետ ծանոթության առիթը տխուր է, բայց նաև վստահ է՝ իրենց համագործակցությունը չափազանց արդյունավետ է լինելու և կրթական բազում հաղթանակների մեկնարկ է նշանավորելու․ այդ վստահության հիմքը տալիս են հենց իրենք՝ արցախցի պատանիները, որոնք իրենց անկոտրում կամքով, աննահանջ ոգով և մարդկային բարձր նկարագրով ողջ աշխարհի համար դառնալու են մաքառող հայի իսկական օրինակ։
    Ուզում ենք հավատալ, որ հայերի համար կենաց-մահու այս կռիվը հաղթական ավարտ կունենա, իսկ «Քվանտ» վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի ուսուցիչների և արցախցի ինքնատիպ պատանիների արդյունավետ համագործակցության պտուղները երկար չեն սպասեցնի։