Նորություններ

Նորություններ

Քվանտականների ստեղծած «Արհեստական քիթը» Հայաստանը կներկայացնի գիտության համաշխարհային փառատոնում

11.04.2021

Այս գարունը քվանտականների համար մեկնարկեց ուրախ լուրով․ «Քվանտ» վարժարանի թիմը՝ ֆիզիկայի ամբիոնի բարձրակարգ մասնագետ Գրիգոր Աղաբաբյանի գիտական ղեկավարությամբ, հաղթեց գիտության համադպրոցական փառատոնում։ Խումբը ներկայացրել է չափազանց հետաքրքիր թեմա՝ «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ»։ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում առավելագույն միավոր հավաքած երկու խմբերից մեկը հենց քվանտականների թիմն էր։ Հենց նրանք կմասնակցեն միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնին։
Քվանտականների ստեղծած սարքը՝ հոտեր տարբերակող «Արհեստական քիթը», գրավեց մրցատյանի բոլոր անդամների ուշադրությունը, դե իսկ տղաների՝ վարժարանի 12-րդ դասարանի սովորողներ Կարեն Ալեքսանյանի, Դավիթ Գյուլամիրյանի, Ռոբերտ Սիմոնյանի և նրանց փայլուն ղեկավարի գիտական հզոր ներուժը հիացրեց բոլորին․․․
Քվանտականների պնդմամբ իրենց ստեղծած սարքը կարող է կիրառելի լինել տարբեր ոլորտներում, օրինակ՝ գործարաններում պայթյունավտանգ գազերի արտահոսքը կանխելու։ Սարքը տարբերակում է նաև մարդկանց արտաշնչած օդը, ինչը բժշկության մեջ հիվանդություններն ախտորոշելու հնարավորություն կտա: Այն կարող է օգտակար լինել նաև օծանելիքներ ընտրելիս։
Հաջողություն մաղթենք քվանտական հզոր թիմին նաև գիտության միջազգային փառատոնում և սպասենք նրանց փայլուն հաղթանակին։