«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
08.09.2021
«Քվանտ» վարժարանի բակը կրկին բազմամարդ էր․ առիթը տարեսկզբի տոնական միջոցառումն էր, որին ներկա էին վարժարանի տնօրենությունը, հիմնական և ավագ դպրոցների բոլոր դասարանները, ուսուցիչներ, ծնողներ։
Տնօրենության և ողջ աշխատակազմի անունից սրտանց ու անկեղծ ջերմությամբ շնորհավորելով բոլորին վարժարանի հոբելյանական՝ 30-րդ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ ողջույնի խոսքով հանդես եկան վարժարանի տնօրենության ներկայացուցիչները։
Ներկայացվեց նաև տնօրենության շնորհավորական ուղերձը նոր ուստարվա մեկնարկի կապակցությամբ։
Ուսումնական տարվա մեկնարկը «Քվանտ» վարժարանում տրվում է նախորդ ուստարվա արդյունքների ամփոփմամբ։ Վարժարանն այս տարի ունեցել է 88 շրջանավարտ, որոնք բոլորն էլ հաջողությամբ, քննությունների բարձր արդյունքներով համալրել են ՀՀ և աշխարհի առաջատար բուհերի ուսանողների շարքերը, իսկ վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի մեր 19 շրջանավարտներն իրենց ուսումնառությունը վերջակետեցին աննախադեպ, բացառիկ հաջողություններով՝ սովորելու հրավերներ ստանալով աշխարհի բազմաթիվ առաջատար բուհերից: Թվարկենք դրանցից ընդամենը մի քանիսը. Օքսֆորդի համալսարան, Մանչեստրի համալսարան, Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարան, Նյու Յորքի համալսարան, Ամստերդամի, Ռոտերդամի համալսարաններ, Բրիտանական Կոլումբիայի համալսարան Կանադայում և այլն:
Շատ տպավորիչ են նաև մեր օլիմպիականների հաջողությունները վերջին ուստարում: Քաղաքային և հանրապետական օլիմպիադաներում քվանտականները տարբեր առարկաներից ձեռք բերեցին ընդհանուր հաշվով 85 դիպլոմ, որոնց զգալի մասը՝ 1-ին կարգի, իսկ միջազգային օլիմպիադաներից մեր բազմաթիվ աշակերտները «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Կիրառական կենսաբանություն» առարկաներից վաստակել են աննախադեպ առատ բերք՝ ընդհանուր հաշվով 17 մեդալ, որոնցից 5-ը՝ ոսկի, 4-ը՝ արծաթ, 8-ը՝ բրոնզ: Հպարտությամբ հնչեցնենք մեր հերոսների անունները՝ Ալեքսանդր Աբելյան, Դավիթ Գյուլամիրյան, Կարեն Մոսոյան, Լորետա Արզումանյան, Արայի Խալաթյան, Լեոնիդ Ասատրյան, Ռազմիկ Պարզյան, Համլետ Պետրոսյան: Փառք ու պատիվ նրանց:
Նախորդ ուստարում լրջագույն հաջողություններ արձանագրած քվանտականները և նրանց ուսուցիչները տնօրենության կողմից սահմանված տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվեցին և պարգևատրվեցին։ Վստահ ենք, որ նշված հաջողությունների շարքը կստվարանա և կհամալրվի կրթական նորանոր հաղթանակներով: Մեծ են սպասելիքները ինչպես մեր աշակերտներից, այնպես էլ քվանտականների շարքերը համալրած մեր նորեկներից։
Տոնական միջոցառումն ավարտվեց մի մեծ ցանկությամբ, որ ապրենք ու աշխատենք խաղաղ, անխռով և ապահով՝ ի շահ մեր մոլորակի խաղաղության, ի փառս մեր չքնաղ հայրենիքի, մեր սրբազան գործի բարօրության։ Թող բարի լինի 2021-2022 ուսումնական տարվա մեկնարկը, բազմապատիկ լինեն մեր ուսումնակրթական ձեռքբերումները: