ԲԱՐՈՒԹՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ ԳՈՅԱՑՆԵՆՔ ՄԵԿԱԿԱՆ ԿԱԹԻԼՈՎ
30.12.2021
ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ․․․
«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են բարի գործեր կատարելը։ Հաճախ քվանտականները իրենք են դառնում բարեգործական նախաձեռնությունների կազմակերպիչ և իրականացնող։ Նմանատիպ մի նախագիծ էլ իրականացվեց վերջերս։
«Քվանտ» վարժարանի հիմնադիր դպրոցի և ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորողների նախաձեռնությամբ, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ․ Մկրտչյանի անմիջական աջակցությամբ օրերս իրականացվեց մի գեղեցիկ նախագիծ՝ Ամանորի փոքրիկ անակնկալ Շենգավիթ համայնքի զոհված ազատամարտիկների երեխաների համար։ Այդ հիանալի նախաձեռնությանը եռանդուն մասնակցություն ունեցան նաև վարժարանի հիմնական ու ավագ դասարանների սովորողները, ծնողական և ուսուցչական համայնքները՝ արագ ու կազմակերպված կերպով ոչ միայն խաղալիքներ, քաղցրեղեն հավաքելով, այլ նաև տրամադրելով որոշակի գումար, դրանցով ձեռք բերելով նվեր քարտեր։
Համայնքի 25 զոհվածների ընտանիքների շուրջ 50 երեխայի գեղեցիկ անակնկալ էր սպասում․ քաղցրեղենով ու նվերներով նրանց այցելեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Նրանց հետ էին նաև Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի, վարժարանի հիմնադիր դպրոցի ներկայացուցիչները, ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորողները՝ բարեգործական այս նախագծի համակարգողներ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի կոորդինատոր Ա․ Դեմուրչյանի և հիմնադիր դպրոցի ուսումնական մասի պատասխանատու Ն․ Սարուխանյանի առաջնորդությամբ։
Օրը հագեցած էր հուզական բուռն տրամադրություններով․ զոհվածների հարազատների մեծ կորստի ցավը առժամանակ մեղմվեց, երբ տեսան, որ իրենց չեն մոռացել, իրենց հարազատների վառ հիշատակը մշտապես պահողներ կան։
Փոքրիկ բարի գործ, որ հենց այսօր կարող է անել մեզանից յուրաքանչյուրը առանց հատուկ ջանք գործադրելու՝ այդպիսով ուրախության փոքրիկ պահեր պարգևելով թե՛ ինքներս մեզ, թե՛ շրջապատի մարդկանց։
«Քվանտ» վարժարանը մշտապես կարևորում է բարեգործական նպատակներով իրականացվող նախաձեռնությունները և ոչ միայն մասնակցում, այլև շատ դեպքերում ինքն է կազմակերպում նմանատիպ միջոցառումներ։
Տարեմուտի այս օրերին քվանտականները գոհ ու բավարարված են, որ փոքրիկ ներդրում ունեցան մի բարի գործի իրականացման հարցում և խոր հավատ ունեն, որ իրենց օրինակին կհետևեն նաև ուրիշները՝ հանուն հայրենիքի ամենաթանկը՝ կյանքը, զոհած հայորդիների ընտանիքներին փոքր-ինչ սփոփելով։