Նորություններ

Նորություններ

Աղավնաձորյան կառուցողական քննարկումներ և արդյունավետ համագործակցություն․ գեղեցիկ ավանդույթները շարունակվում են․․․

23.08.2022

2021-22 ուստարվա աշխատանքների ամփոփումը, վարժարանի գործունեության արդյունավետության աստիճանը գնահատվում են Աղավնաձորի ուսումնամարզական ճամբարում։
«Քվանտ» վարժարանի՝ ողջ տարին մեծագույն ջերմեռանդությամբ աշխատած և իրենց կարևորագույն առաքելությունը փառքով կատարած մեր աշխատակիցները կարող են գնալ վաստակած հանգստի՝ ուսումնական մյուս տարվա աշխատանքները նույն արդյունավետությամբ կազմակերպելու համար։  Սակայն մինչ այդ տարվա ընթացքում վարժարանի կատարած աշխատանքները ամփոփելու նպատակով հրավիրվեց տարեվերջյան հավաք։
Ս․թ․ հուլիսի 17-20-ը «Քվանտ» վարժարանի՝ Աղավնաձորում գտնվող «Ուղեծիր» ուսումնական կենտրոնի հյուրընկալ հարկի տակ հավաքվել էին վարժարանի տարբեր ամբիոնների մի շարք ուսուցիչներ։ Նպատակը տարեվերջյան ամփոփիչ սեմինարն էր, որի ընթացքում վեր հանվեցին կենսական նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ, բազմաշերտ քննարկումներ ծավալվեցին դրանց վերաբերյալ, փորձ արվեց գտնել զգալի հարցերի համակարգային լուծումներ՝ սկսած գնահատումից մինչև կրթական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանն ուղղված քայլեր, որոնք էլ ավելի ամբողջական կդարձնեն կրթությունը։
Քառօրյա սեմինարի առաջին օրը չափազանց հետաքրքիր և արդիական թեմաներով հանդես եկան վարժարանի աշխարհագրության ամբիոնի վարիչ Ս․ Սուվարյանը (թեմա՝ «Հաղորդակցությունը և համագործակցությունը «Քվանտ» վարժարանում») և հոգեբանական ծառայության ղեկավար Ե․ Բարտենևան (թեմա՝  «Բուլինգ»)։
44-օրյա պատերազմով ու համավարակով պայմանավորված՝ մեկ տարով հետաձգվել էին «Քվանտ» վարժարանի 30-ամյակին նվիրված միջոցառումները։ Աղավնաձորի ուսումնամարզական կենտրոնի նորակառույց սրահում կազմակերպվեց վարժարանին նվիրված ֆիլմի ցուցադրություն։
Վարժարանի պատմության ամբիոնի վարիչ Մ․ Մալխասյանի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Մ․ Կարապետյանի զեկուցումները ևս՝ «Աշակերտ-ուսուցիչ համագործակցությունը «Քվանտ» վարժարանում», «Արտագրությունը կանխելու հնարները» թեմաներով, նույնպես չափազանց կարևորեցին բոլոր քվանտականները, և ծավալվեց բուռն քննարկում։
Մասնագիտական բարձր որակների ու մարդկային գեղեցիկ հարաբերությունների ներդաշնակ համադրությամբ սեմինարներն էլ ավելի ամբողջական ու ընդգրկուն էին դառնում։
Վարժարանի աշխատակիցների տարեվերջյան քառօրյա ամփոփիչ հավաքը, անշուշտ, կտա իր ցանկալի արդյունքները՝ լույսի ջահակիր քվանտականների համար բացելով նորանոր հորիզոններ։