ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ԱՆԽՈՆՋ ՏՔՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՕՐԵՐԻՆ․ ՈՒՐԱԽ ԼՈՒՐԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ
05.09.2022
Քիմիայի՝ Չինաստանում կայացած 54-րդ միջազգային օլիմպիադան հաղթական էր քվանտականների համար։
Համավարակի նոր ալիքով պայմանավորված՝ այս տարի նույնպես օլիմպիադան կազմակերպվեց առցանց ձևաչափով։
Օլիմպիադայի մասնակից 84 երկրի 326 աշակերտի հետ մրցելով՝ Հայաստանը ներկայացնող թիմը 8 օր տևած այդ ստուգատեսից միանգամից 4 մեդալ է նվաճել՝ 1 արծաթ և 3 բրոնզ։
Ուրախալի է այն, որ չորս մասնակիցներից երկուսը «Քվանտ» վարժարանի սովորողներ են, ընդ որում՝ Սոնա Սաղեյանը, առաջին անգամ է մասնակցում միջազգային կարևոր ստուգատեսի և միանգամից արժանանում բրոնզե մեդալի։
Իսկ միջազգային հարթակում արդեն փայլուն հաջողություններ արձանագրած քվանտական Լեոնիդ Ասատրյանը իր օլիմպիական մեդալների հավաքածուն համալրեց նոր արծաթով։
Ջերմորեն շնորհավորում ենք թեժ ամռանը եռանդուն պարապած և փայլուն հաղթանակ արձանագրած քվանտականներին՝ ուրախությամբ արձանագրելով, որ մի քանի տարի անց նրանք կհամալրեն մեր երկրի զարգացման համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող մասնագետների շարքերը։