ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ․․․
01.09.2022
Թեժ ամառը ի զորու չէր քվանտականներին հետ պահել օլիմպիական մրցարշավից։ Դրա վառ վկայությունը մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադան է, որին մասնակից 104 երկրի 589 աշակերտներից 6-ը հայ պատանիներ էին, նրանցից մեկը՝ քվանտական Արայի Խալաթյանը։
Օլիմպիադան այս տարի կազմակերպվեց Նորվեգիայում․ այն առկա ձևաչափով էր։
«Քվանտ» վարժարանի սան Արայի Խալաթյանը մեկով ավելացրեց իր օլիմպիական մեդալների թիվը՝ օլիմիպիադայի տեսական երկու փուլերում վաստակելով լուրջ միավորներ և արժանանալով բրոնզե մեդալի։ Մյուս մասնակիցները Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սովորողներ են։
Ուրախալին այն է, որ այս տարի, բացի հիմնական ղեկավարներից, Հայաստանի թիմի հետ պարապել են նաև նախկին օլիմպիականներ, որոնցից մեկը դարձյալ քվանտական է՝ Ալբերտ Գևորգյանը։
Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին, նաև թիմի ղեկավարներ Սմբատ Գոգյանին ու Գուրգեն Ասատրյանին։