ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
26.10.2022
ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի՝ հայկական արմատներով պրոֆեսոր Արտեմ Օհանովը և Հռոմի ֆունդամենտալ ֆիզիկայի Միջերկրածովյան ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը կրկին «Քվանտ» վարժարանում են․ մեծանուն գիտնականների համագործակցությունը և բարեկամությունը քվանտականների հետ թևակոխում են նոր փուլ։
Իրենց իսկ նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովի շրջանակում Հայաստան այցելած համաշխարհային գիտական հեղինակավոր կառույցների ներկայացուցիչ գիտնականները օրերս հանդիպեցին վարժարանի ֆիզմաթ հոսքում սովորող աշակերտների հետ, ներկայացրին իրենց հետազոտության ոլորտները, աշխատանքները, ապա առաջարկեցին հետազոտական մի քանի թեմա՝ պատրաստակամություն հայտնելով դառնալ քվանտական պատանիների հետազոտական աշխատանքների գիտական ղեկավար։
Ուրախալին այն է, որ գիտնականները շատ լուրջ էին տրամադրված և առաջարկեցին ոչ թե բազմիցս շրջանառված, ուսումնասիրված, այլ արդիական նշանակություն, հնչեղություն ունեցող խնդիրներ՝ ակնկալելով քվանտական պատանիների հետ համագործակցելով հասնել դրանց արդյունավետ լուծմանը։
Առաջարկված բոլոր թեմաները մեծ ուրախությամբ ընդունվեցին։ Անմիջապես կազմվեցին աշխատանքային խմբեր, որոնք առանց հապաղելու գործի անցան։
Ուզում ենք հավատալ, որ փայլուն արդյունքները երկար չեն սպասեցնի, և շուտով քվանտական պատանիների ու անվանի գիտնականների գիտական լուրջ հայտնագործությունների ականատեսն ու ժամանակակիցը կդառնանք․․․