Գրադարան-ընթերցող արդյունավետ համագործակցությունը շարունակվում է...
22.11.2022
Օրերս վարժարանի 7-1 դասարանի և գրադարանի արդյունավետ համագործակցության հիմքը դրվեց. վարժարանի ընթերցասրահում անցկացվեց 7-1 դասարանի դասղեկ Տաթև Վասիլյանի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումը: Քննարկման թեման վերաբերում էր հայ արձակի հետաքրքիր էջերից մեկին՝ «Մենավոր ծառը» ստեղծագործությանը: Աշակերտներին նախապես հանձնարարվել էր կարդալ ստեղծագործությունը, ինչը մեծապես նպաստեց, որ հետաքրքիր ու բազմաշերտ քննարկում ծավալվի: Տպավորիչ էր այն, որ քննարկման ողջ ընթացքն ուղեկցվեց Կոմիտասի երաժշտության ներքո:
Վարժարանի գրադարան այցելությունը նշանավորվեց մեկ այլ գեղեցիկ միջոցառմամբ. պատանի քվանտականները նորոգեցին մաշված, պատռված շատ գրքեր՝ այդպիսով էլ ավելի պատասխանատու վերաբերմունք ձևավորելով գրքի հանդեպ և գիտակցելով, թե ինչ վատ բան է գիրքը փչացնելը:
Միջոցառման ողջ ընթացքում պատանի քվանտականներին ոգևորում, նաև օգնում էր գրադարանի պատասխանատու տիկին Մարինեն:
Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ միջոցառումները մեծապես կնպաստեն գրքի ու գրականության հանդեպ ավելի պատասխանատու և հոգատար վերաբերմունք ունենալուն: