ԳԵՂԱԳԵՏ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՕՐԱԳՐԻՑ
05.12.2022
«Քվանտ» վարժարանի ուսումնական գործընթացում կարևոր տեղ ունի սովորողների գեղագիտական դաստիարակությունը։ Այդ նպատակով վարժարանի տարբեր դասարանների դասղեկները իրենց աշակերտներին տանում են մշակութային տարբեր օջախներ՝ հաղորդակից դարձնելու դասական արվեստի առանձնահատկություններին։
Օրերս վարժարանի 5-3 դասարանի սովորողները դասղեկ, նաև հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի Ս․ Մաթևոսյանի ուղեկցությամբ եղան Սերգեյ Փարաջանովի թանգարանում։ Նրանք ծանոթացան թանգարանի հիմնական հավաքածուին, որը բաղկացած է արվեստագետի մոտ 600 աշխատանքներից՝ գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ։
Փարաջանովյան թեև բարդ, բայց յուրօրինակ ու գունեղ աշխարհը չափազանց տպավորեց աշակերտներին։ Անպետք իրերից արվեստի գլուխգործոցներ ստեղծելը քչերի մենաշնորհն է։ Փարաջանովը նաև սրանով է տարբերվող ու առանձնահատուկ։
Քվանտականները շատ բան գիտեին հանճարեղ արվեստագետի մասին, սակայն այս էքսկուրսիան էլ ավելի ամբողջական ու համապարփակ դարձրեց նրանց գիտելիքը՝ մեծապես նպաստելով արվեստի նկատմամբ սիրո և հատուկ վերաբերմունքի ձևավորմանը։