Նորություններ

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ

30.12.2022

Սիրելի՛ աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ, ավարտվում է 2022 թվականը։ Այն մեր պետության ու ժողովրդի համար հագեցած էր մի շարք դժվարություններով, լուրջ մարտահրավերներով։ «Քվանտ» վարժարանը չէր կարող անմասն մնալ դրանցից։ Սակայն տարին քվանտականների համար նշանավորվում է նաև բազում հաջողություններով, լրջագույն նվաճումներով։ 2022 թ․ ողջ ընթացքում «Քվանտ» վարժարանի սաները միջազգային հեղինակավոր օլիմպիադաներում արժանացել են բազմաթիվ մեդալների՝ իրենց օլիմպիական զինանոցը հարստացնելով ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներով։ Ուզում ենք հավատալ, որ օլիմպիական հաղթարշավում փայլուն մասնակցությունը քվանտականները կշարունակեն նաև գալիք տարում։
Տարին չափազանց արդյունավետ էր միջագզային կրթական-գիտական հեղինակավոր կառույցների հետ համագործակցության առումով։ Տարբեր ժամանակներում վարժարան այցելեցին աշխարհահռչակ մեծանուն գիտնականներ՝ ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի՝ հայկական արմատներով պրոֆեսոր Արտեմ Օհանովը, Հռոմի ֆունդամենտալ ֆիզիկայի Միջերկրածովյան ինստիտուտի գիտնականներ պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը, Ջուզեպպե Էրամոն, Ալդո դի Կարլոն, ակադեմիկոս, Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկական տրամաբանության և ալգորիթմների տեսության ամբիոնի վարիչ Ալեքսեյ Սեմյոնովը և այլք։
Վարժարան այցելած համաշխարհային գիտական հեղինակավոր կառույցների ներկայացուցիչ գիտնականները հանդիպեցին ֆիզմաթ հոսքում սովորող աշակերտների, նաև օլիմպիական քվանտականների հետ, ներկայացրին իրենց հետազոտության ոլորտները, աշխատանքները, ապա առաջարկեցին հետազոտական մի քանի թեմա՝ պատրաստակամություն հայտնելով դառնալ քվանտական պատանիների հետազոտական աշխատանքների գիտական ղեկավար։ Կարևոր է արձանագրել, որ արդեն ձևավորվել են քվանտական սովորողների խմբեր, որոնք սկսել են հետազոտական աշխատանքների հետաքրքիր նախագծեր՝ գիտական արդի խնդիրների վերաբերյալ։
Նմանատիպ հանդիպումները մեծապես կնպաստեն գիտնական քվանտականի կերպարը առավել ամբողջական դարձնելուն՝ մեկ անգամ ևս հաստատելով այն միտքը, որ «Քվանտ» վարժարանը գիտակրթական մի յուրօրինակ դարբնոց է։
Հավատում ենք, որ գալիք տարում կշտկվեն նաև արձանագրված որոշ թերություններ։ Դեռ կան հրատապ լուծման կարոտ խնդիրներ և նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են բոլորիս համատեղ ջանքն ու աշխատանքը: Մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու դավանած արժեքները պիտի իրական դարձնեն բոլոր համարձակ նախաձեռնությունների կյանքի կոչելը:
Սիրելի՛ քվանտականներ, ջերմորեն շնորհավորում ենք գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով քաջառողջություն, առաջընթաց, միայն դրական լիցքեր, հույս, հավատ, սեր՝ բոլոր դժվարությունները հաջողությամբ հաղթահարելու և անվտանգ ու ապահով պետություն ունենալու, խաղաղ և բարօր կյանքով ապրելու համար: Թող 2023 թվականը լինի խաղաղության, հաղթանակների ու վերելքների տարի, լավատեսությամբ լցնի բոլորիս հոգիները, իրական երջանկությունը և հաջողությունը հասանելի ու տեսանելի լինեն բոլորիս: Բոլորիս ընտանիքներում և մեր հայրենիքում թևածեն լավատեսությունը, ներդաշնակությունն ու բարօրությունը: Սերը, հոգատարությունն ու փոխըմբռնման մթնոլորտը թող տիրեն յուրաքանչյուրիդ տանն ու ընտանիքում:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ․․․
                            «Քվանտ» վարժարանի տնօրենություն