«ՕԺՏՎԱԾ ՔՎԱՆՏԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ ՇՈՒՐՋ 500 ՊԱՏԱՆԻ․․․
14.05.2023
Օրերս ամփոփվեցին «Օժտված երեխաներ-Քվանտ» ամենամյա մրցույթի արդյունքները։
«Քվանտ» վարժարանը, հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը, հերթական անգամ կազմակերպում և փայլուն իրականացնում է մի հիանալի նախաձեռնություն՝ մրցույթ «Մաթեմատիկա» առարկայից։
Գեղեցիկ ավանդույթի վերածված այդ նախաձեռնության նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Ամեն տարի այդ մրցույթին մասնակցում են 5-9-րդ դասարանների բազմաթիվ սովորողներ ինչպես մայրաքաղաք Երևանի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներից: Վերջին տարիներին աննախադեպ մեծացել է թե´ մասնակիցների թիվը, թե´ աշխարհագրությունը։
Այս տարի աննախադեպ մեծ էր մրցույթի մասնակիցների թիվը․ տարբեր տարիքային խմբերի շուրջ 500 մասնակիցներից վերջին փուլ անցան լավագույն արդյունքներ արձանագրած 120 պատանիներ։ Մրցույթի երկրորդ՝ բանավոր փուլը կազմակերպվեց մայիսի 9-ին։ Առավելագույն միավորներ վաստակած մասնակիցները արժանացան խրախուսանքի։
Կարևոր է նշել, որ մրցույթի հաղթողները իրավունք են ստանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում, ինչպես նաև Միջազգային բակալավրիատի համակարգում և հետագայում համալրում են միջազգային օլիմպիադաներում բարձունքներ նվաճած քվանտականների շարքերը: Տարբեր տարիների այդ փառահեղ ճանապարհը անցել են Ժիրայր Ավետիսյանը, Մկրտիչ Սողոմոնյանը, Վահե Մուսոյանը, Արտավազդ Մինասյանը, Հայկ Սարիբեկյանը, Ալբերտ Գևորգյանը, Էդուարդ Գրիգորյանը, Աշոտ Մաթևոսյանը, Ալեքսանդր Կարալյանը և ուրիշներ։