Նորություններ

Նորություններ

«Թափոնը զենք է» կարգախոսին միացան նաև 7-3 դասարանի սովորողները

22.05.2023

        Օրեր առաջ «Քվանտ» վարժարանի 7-3 դասարանի աշակերտները դասղեկ Գոհար Սարգսյանի ուղեկցությամբ այցելեցին «Շանի» ՀԿ արտադրամաս։ Աշակերտները հանդիպեցին կազմակերպության հիմնադիր Էրիկ Սարգսյանի հետ, ով մանրամասն ներկայացրեց գաղափարից մինչև արտադրություն գործընթացը և ընկերության որդեգրած սկզբունքները։
      Զինվորների համար պլաստիկից օգտակար ապրանքներ ստեղծելու գաղափարը ծագել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մասնագիտությամբ ռադիոֆիզիկ, ինժեներ Էրիկ Սարգսյանի մեկնաբանությամբ ռազմարդյունաբերությունը միայն ԱԹՍ-ն և այլ զենքը չէ, այլ նաև քողարկիչ ցանցերը, վրանները, քնապարկերն են։ Աշակերտները տեսան, թե պլաստիկը հալեցնելով՝ ինչպես են ստանում սինտեպոն, իսկ վերջինս էլ դառնում է պիտանի իրեր։ Ի դեպ, գործարանային բոլոր սարքավորումները, վառարաններն ու աղացները ևս պատրաստված էին չաշխատող սարքավորումների պիտանի մասերից։ Այսպիսով՝ միաժամանակ երկու խնդիր է լուծվում․ և՛ բնությունն է մաքրվում, և՛ զինվորների համար պիտանի իրեր են պատրաստվում։
     Այցը շատ ուսուցողական և դաստիարակչական բնույթ էր կրում։ Քվանտականներն էլ իրենց հերթին ձեռնունայն չէին գնացել․ նախապես մեծ քանակությամբ պլաստիկ էին հավաքել՝ խոստանալով, որ այն շարունակակական բնույթ կկրի։