Նորություններ

Նորություններ

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ․․․

11.07.2023

      Հիմնադրումից ի վեր «Քվանտ» վարժարանի գործունեության առանցքային կողմերից մեկը միջազգային կրթական-մշակութային տարբեր կառույցների հետ համագործակցությունն է։

          Նմանատիպ գեղեցիկ մի համագործակցության շրջանակում արդեն մի քանի տարի է՝ վարժարանի ավագ դասարաններում սովորող մի խումբ աշակերտներ մասնակցում են «Дети Содружества» անունը կրող միջազգային երիտասարդական ֆորումին։ ԱՊՀ մի շարք երկրների մի քանի հարյուրի հասնող պատանիներ հնարավորություն են ունենում հաղորդակից լինելու միմյանց մշակույթներին, ազգային առանձնահատկություններին, ավանդույթներին։

          Քվանտական պատանիների խումբը այս տարի Ուզբեկստան է մեկնել վարժարանի աշխատակիցներ Սոս Աղամիրյանի և Արաքս Հովակիմյանի ղեկավարությամբ։ Հայկական պատվիրակությունը երիտասարդական ֆորումի շրջանակում մասնակցել է բազմաբնույթ մի շարք միջոցառումների։ Ուշագրավ են հատկապես այցելությունները Ուզբեկստանի Սենատ, ակադեմիա, տարբեր թանգարաններ։ Հյուրերին այցելել են նաև պետական պաշտոնյաներ, պատգամավորներ, հայտնի մարդիկ և իրենց բանախոսություններով, ապա դրանց հաջորդած քննարկում-բանավեճերով էլ ավելի արժեքավոր են դարձրել ֆորումի ընթացքը։

         Կազմակերպվում են նաև տարբեր մրցույթներ, որոնցից շատերում «Քվանտ» վարժարանի պատանիները փայլուն են հանդես եկել։ Մասնավորապես քվանտականները հաղթել են շախմատի և շաշկու առաջնություններում, ինտելեկտուալ խաղում զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը։

         Դե ինչպես միշտ, քվանտականները չէին կարող չառանձնանալ․ յուրաքանչյուր պատվիրակություն ունի հնարավորություն տարբեր համարներով ներկայացնելու ազգային մշակույթից դրվագներ։ Հայաստանի պատվիրակությունը, հանձինս քվանտականների, հանդես եկավ ոչ թե առանձին համարներով, այլ մի ինքնատիպ ներկայացմամբ, որը ազգային երգ ու պարի, հայ ժողովրդի պատմության գեղեցիկ համաձույլ էր։ Այն արժանացավ բոլորի բարձր գնահատանքին։

      Միջազգային նմանատիպ նախաձեռնությունները համամարդկային արժեքներին հաղորդակից լինելու, ազգային մշակույթը արժանիորեն ներկայացնելու փայլուն հնարավորություն են։ Քվանտական պատանիները պատվով ներկայացրին թե՛ մեր երկիրը, թե՛ հարազատ կրթօջախը։