Նորություններ

Նորություններ

ՀԱՂԹԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ ՑՅՈՒՐԻԽԻՑ. ՔԻՄԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ ՀԱՅՆ ԱՌԱՋԻՆ ՈՍԿԻՆ Է ՆՎԱՃՈՒՄ...

24.07.2023


Մինչ սովորական մահկանացուները վայելում են ամառային հանգստի պարգևած բարիքները, քվանտական օլիմպիականները նվաճում են նոր բարձունքներ...
Հուլիսի 16֊23֊ը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվեց 《Քիմիա》առարկայի 55֊րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցում էր 90 երկրի 355 մասնակից։ Նրանց մեջ էին նաև ՀՀ մի քանի կրթօջախներում սովորող մի քանի պատանիներ։ 
Մեր հանրապետությունը ներկայացնող 4 պատանիներից երկուսը օլիմպիական հաղթարշավում թրծված քվանտականներ են՝《Քվանտ》վարժարանի 12֊րդ դասարանի սովորողներ Լեոնիդ Ասատրյանը և Յուրա Պետրոսյանը։ Նրանք վերադառնում են հաղթանակով և բուռն հրճվանքի ու ոգևորության նոր պահեր պարգևում իրենց ուսուցիչներին, ընկերներին, հարազատներին։ Լեոնիդ Ասատրյանը իր միջազգային օլիմպիադաների մեդալների թիվը համալրում է փայլուն Ոսկով. ի դեպ, սա մեր հանրապետություն բերված առաջին Ոսկե մեդալն է 《Քիմիա》առարկայից։ Յուրի Պետրոսյանը արժանացել է գովասանագրի։ Հայաստանը ներկայացնող մյուս երկու պատանիները ևս ձեռնունայն չեն վերադառնում. նրանք արժանացել են բրոնզե մեդալի։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթողներին, խմբի ղեկավարներ Արմեն Գալստյանին (ԵՊՀ), Անդրանիկ Դավինյանին ( ԳԱԱ), նրանց հաղթանակով ուրախացող բոլորին։
Լ. Հ.