Նորություններ

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ

09.01.2024

   

Սիրելի՛ աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ, ավարտվում է 2023 թվականը։ Այն մեր պետության ու ժողովրդի համար հագեցած էր մի շարք դժվարություններով, լուրջ մարտահրավերներով։ «Քվանտ» վարժարանը չէր կարող անմասն մնալ դրանցից։ Սակայն տարին քվանտականների համար նշանավորվում է նաև բազում հաջողություններով, լրջագույն նվաճումներով։

    2023 թ․ ողջ ընթացքում «Քվանտ» վարժարանի սաները միջազգային հեղինակավոր օլիմպիադաներում արժանացել են բազմաթիվ մեդալների՝ իրենց օլիմպիական զինանոցը հարստացնելով ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներով։ Մասնավորապես քիմիայի 55֊րդ միջազգային օլիմպիադայում Լեոնիդ Ասատրյանը արժանացավ Ոսկե մեդալի, որը, ի դեպ, մեր հանրապետություն բերված առաջին Ոսկին է «Քիմիա» առարկայից։ Հետ չմնացին նաև այլ առարկաների («Կենսաբանություն», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա») միջազգային օլիմպիադաների մասնակից քվանտականները։


Ընդhանուր առմամբ 2023թ․-ին  «Քվանտ» վարժարանի սաները  միջազգային օլիմպիադաներից բերել են 16 մեդալ, որից  4  ոսկի, 2 արծաթ, 10 բրոնզ։


    Ուզում ենք հավատալ, որ օլիմպիական հաղթարշավում փայլուն մասնակցությունը քվանտականները կշարունակեն նաև գալիք տարում։

    «Քվանտ» վարժարանում մեկնարկը տրվեց մի հրաշալի նախաձեռնության՝ «Հայագիտակ» մրցույթի, որն ուղղված է հայրենաճանաչության ամրապնդմանը։ Ուրախալին այն է, որ աննախադեպ թվով քվանտականներ էին մասնակցում մրցույթին։ Հաղթողները արժանացան դիպլոմների և դրամական պարգևների։ Ուզում ենք հավատալ, որ այս մրցույթն էլ շուտով կհամալրի վարժարանի նախաձեռնությամբ իրականացվող մյուս մրցույթների («Օժտված երեխաներ», «Ա. Օսկանյանի անվան հուշամրցույթ» և այլն) շարքը։

    Հավատարիմ իր առաքելությանը՝ «Քվանտ» վարժարանը այս տարի էլ շարունակեց բարեգործական գործունեությունը՝ հաստատելով, որ բարի գործեր անելը դարձել է քվանտականի կենսակերպը։ Հիմնադիր դպրոցի սովորողների, ծնողական համայնքի և վարժարանի տնօրենության մասնակցությամբ իրականացվեց մի նախագիծ, որի շնորհիվ շուրջ 3,5 միլիոն դրամ, նաև կենսական անհրաժեշտության պարագաներ, սնունդ և գրենական պիտույքներ փոխանցվեցին Կոտայքի մարզի մի քանի գյուղական համայնքներում ապաստանած արցախցի մեր հայրենակիցներին...

    Տարին չափազանց արդյունավետ էր միջագզային կրթական-գիտական հեղինակավոր կառույցների հետ համագործակցության առումով։ Տարբեր ժամանակներում վարժարան այցելեցին աշխարհահռչակ մեծանուն գիտնականներ՝ Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի բարձր էներգիաների աստղաֆիզիկայի խմբի ղեկավար, նույն ինստիտուտի, նաև ՀՀ ԳԱԱ արտասահմանյան պատվավոր անդամ, Իռլանդիայի Արքայական ակադեմիայի պատվավոր անդամ Ֆելիքս Ահարոնյանը, ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի՝ հայկական արմատներով պրոֆեսոր Արտեմ Օհանովը և այլք։

   Վարժարան այցելած համաշխարհային գիտական հեղինակավոր կառույցների ներկայացուցիչ գիտնականները հանդիպեցին ֆիզմաթ հոսքում սովորող աշակերտների, նաև օլիմպիական քվանտականների հետ, ներկայացրին իրենց հետազոտության ոլորտները, աշխատանքները, ապա առաջարկեցին հետազոտական մի քանի թեմա՝ պատրաստակամություն հայտնելով դառնալ քվանտական պատանիների հետազոտական աշխատանքների գիտական ղեկավար։ Կարևոր է արձանագրել, որ արդեն ձևավորվել են քվանտական սովորողների խմբեր, որոնք սկսել են հետազոտական աշխատանքների հետաքրքիր նախագծեր՝ գիտական արդի խնդիրների վերաբերյալ։ Ուշագրավ է նաև այն, որ մի շարք քվանտականներ Ֆ. Ահարոնյանի կողմից ստացան ընտիր առաջարկ՝ դառնալու միջազգային ծրագրի մասնակից և իրականացրած մասնագիտական գործունեության համար ստանալու աշխատավարձ։

   Նմանատիպ հանդիպումներն ու համագործակցությունը մեծապես կնպաստեն գիտնական քվանտականի կերպարը առավել ամբողջական դարձնելուն՝ մեկ անգամ ևս հաստատելով այն միտքը, որ «Քվանտ» վարժարանը գիտակրթական մի յուրօրինակ դարբնոց է։

   Հավատում ենք, որ գալիք տարում կշտկվեն նաև արձանագրված որոշ թերություններ։ Դեռ կան հրատապ լուծման կարոտ խնդիրներ և նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են բոլորիս համատեղ ջանքն ու աշխատանքը: Մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու դավանած արժեքները պիտի իրական դարձնեն բոլոր համարձակ նախաձեռնությունների կյանքի կոչելը:

   Սիրելի՛ քվանտականներ, ջերմորեն շնորհավորում ենք գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով քաջառողջություն, առաջընթաց, միայն դրական լիցքեր, հույս, հավատ, սեր՝ բոլոր դժվարությունները հաջողությամբ հաղթահարելու և անվտանգ ու ապահով պետություն ունենալու, խաղաղ և բարօր կյանքով ապրելու համար: Թող 2024 թվականը լինի խաղաղության, հաղթանակների ու վերելքների տարի, լավատեսությամբ լցնի բոլորիս հոգիները, իրական երջանկությունը և հաջողությունը հասանելի ու տեսանելի լինեն բոլորիս: Բոլորիս ընտանիքներում և մեր հայրենիքում թևածեն լավատեսությունը, ներդաշնակությունն ու բարօրությունը: Սերը, հոգատարությունն ու փոխըմբռնման մթնոլորտը թող տիրեն յուրաքանչյուրիդ տանն ու ընտանիքում:


ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ․․․

                            «Քվանտ» վարժարանի տնօրենություն