Նորություններ

Նորություններ

ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՍՆԵԼՈՒ ԳՐԱՎԱԿԱՆ․․․

16.02.2024

    Ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ են ձեռնարկվում «Քվանտ» վարժարանում։ Դրանցից մեկն էլ սեփական փորձին հաղորդակից դարձնելն ու փորձի փոխանակումն են։

    Օրերս վարժարանի 403 լսարանում կազմակերպվեց մեծ բաց դաս-մեթոդական քննարկում։ Բաց դասը «Աշխարհագրություն» առարկայից էր՝ «Քամի» թեմայով Այն վարում էր վարժարանի աշխարհագրության ամբիոնի վարիչ, ա․գ․թ․, դոցենտ Սեյրան Սուվարյանը՝ մարդ, որ վարժարանի ստեղծման տարիներից մեծ ներդրում ունի քվանտականի կերպարը կերտելու չափազանց կարևոր գործում։

    Դասն անցավ փորձառու ուսուցչի կողմից մեթոդական հարուստ զինանոցի հմուտ կիրառմամբ։ 40-րոպեանոց դասից հետո տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում իրենց տպավորություններով, մեկնաբանություններով հանդես եկան մի շարք ուսուցիչներ։ Հնչեցին նաև հարցեր, որոնց սպառիչ պատասխաններն էլ չուշացան։

     Բաց դասին ներկա էին և՛ վարժարանի սկսնակ աշխատակիցներ, և՛ ամբիոնների վարիչներ, և՛ տարբեր առարկաների փորձառու ուսուցիչներ։ Բոլորն էլ չափազանց տպավորված էին դասով և կառուցողական քննարկմամբ ու արձանագրեցին, որ նմանատիպ միջոցառումները մեծապես նպաստում են կրթության որակի բարելավմանը։