Նորություններ

Նորություններ

Քվանտականները ՀԱԷԿ-ում

29.12.2024

     Հինգ երկարուձիգ տարիներ․․․Այդ ընթացքում բազմաթիվ այցելություններ՝ թատրոն, կինոթատրոն, թանգարաններ ու գործարաններ, իսկ հիմա աշակերտներս նորություն են ուզում՝ հետաքրքիր մի վայր։ Դժվար է զարմացնել խստապահանջ քվանտականներին, բայց անհնար չէ, երբ սիրում ես աշխատանքդ ու աշակերտներիդ։

Գնում ենք Հայկական ատոմային կայան։
-Իսկ վտանգավոր չէ՞։
-Իսկ կթողնե՞ն։
-Իսկ ՀԱԷԿ-ը աշխատու՞մ է։
-Այն գոլորշու մոտ ենք գնալու՞։
     Գնում ենք՝ այս բոլոր հարցերի պատասխանները գտնելու։ Մեզ սպասում էին պատասխանատու, իրենց գործին նվիրված աշխատակիցները` Սարգսյան Բաբկենը, Բալայան Վազգենը, Համբարձումյան Արմենը և Աբրահամյան Ռուբենը, որոնք մեծ սիրով ու պատասխանատվությամբ մեզ ներկայացրին ՀԱԷԿ-ի պատմությունը, կառուցվածքը։
Մեծ պատիվ էր վայելելու պարոն Բալայանի դասախոսությունը, որի ընթացքում մենք իմացանք, որ ՀԱԷԿ-ը մեր պետության տնտեսության ողնաշարն է, հաշվեցինք, թե ինչքան թանկ կլիներ կյանքը ՀՀ-ում, եթե չլիներ մեր ատոմային կայանը, իմացանք, թե ինչպես է միջուկային էներգիան փոխակերպվում էլեկտրական էներգիայի, ինչպես ենք հաճախ վտանգավորությունը շփոթում վնասակարության հետ ու էլի շատ բաներ։
Թվում էր՝ աշակերտների հարցերն անսպառ էին։ Վարժասարքի մոտ պարոն Համբարձումյանի մանրամասն ներկայացումից հետո տղաներից մեկը ցանկություն է հայտնում իմանալ ամեն մի կոճակի նշանակությունը։ Բայց դա թողնում ենք ապագային՝ լի այն հույսով, որ մեր աշակերտները լինելու են նոր ատոմային կայանի նախագծողները Հայաստանում, լի այն համոզմունքով, որ մեր ներկան ապահով ձեռքերում է, իսկ ապագան բնավ էլ մշուշոտ ու անգույն չէ, քանի որ նոր սերունդը՝ հանձինս մեր աշակերտների, հետաքրքրված է ՀՀ-ի ապագայով, խանդավառված է ավելի հզոր տնտեսություն ունենալու գաղափարով։ Մեզ մնում է միայն հավատալ ու սպասել։