Նորություններ

Նորություններ

ԵՐԲ ՄԻՏՔՆ ՈՒ ՀՈԳԻՆ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՐԵՆ ՀԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ, ԾՆՎՈՒՄ Է ԸՆՏԻՐ ԳԱՂԱՓԱՐԸ․․․

04.03.2025

   Գիրքն ու բարեգործությունը քվանտականի մշտական ուղեկիցներն են, իսկ երբ այդ երկուսը համադրվում են, ծնունդ է առնում հիանալի գաղափարը, որն արդեն տարիներ շարունակ տոնական տրամադրություններով, ջերմ ու բարի հույզերով համակում է բոլորին։

   2019 թվականին «Քվանտ» վարժարանում սկիզբ դրվեց գեղեցիկ մի նախաձեռնության: Դրա շրջանակում հիմնադիր դպրոցի սովորողները մեծ խնամքով ու խանդավառությամբ պատրաստում են գրքեր՝ դրանով ցույց տալով իրենց նվիրումը գրքին ու գրականությանը: Միջոցառումը, սակայն, ավելի է արժևորվում նրանով, որ փոքրիկ քվանտականները կազմակերպում են ցուցահանդես-վաճառք, վաճառում իրենց իսկ ձեռքով պատրաստած գրքերը և ողջ հասույթը տրամադրում բարեգործության՝ վերահաստատելով բարեգործ քվանտականի բարի համբավը։

   Այս տարի փոքրիկ քվանտականները պատրաստել էին շուրջ 500 գիրք։ Վաճառքն ուղեկցվեց ցերեկույթով, որին  ներկա էին դպրոցի աշակերտները, ծնողները, ուսուցչական կազմը, հյուրեր։ Քանի որ այդ օրը նաև Հովհ․ Թումանյանի ծննդյան օրն է, միջոցառման ողջ ընթացքում բոլորին ուղեկցում էին հանճարեղ լոռեցու բարի ժպիտը, մարգարեական խոսքերը, նրա ստեղծագործությունների հերոսները։

   Գրքերի վաճառքից գոյացած ողջ գումարը՝ 1 միլիոն չորս հարյուր քառասունվեց հազար դրամ, այս տարի ևս կտրամադրվի բարեգործության։

    Ուշագրավ է այն, որ ցուցահանդես-վաճառքի մի քանի հարյուրի հասնող գրքերը սպառվեցին անհավատալի արագությամբ՝ ընդամենը մի քանի ժամում:

Ուզում ենք հավատալ, որ փոքրիկ քվանտականների այս կարևոր նախաձեռնությունը կծառայի իր նպատակին՝ փոքր-ինչ մեղմելով տունն ու հայրենիքը կորցրած մեր հայրենակիցների ցավը, հոգսը ու փայլուն օրինակ դառնալով նաև այլոց համար:                                                                              Հ․Լ․