Միջազգային հարթակում կրկին հնչեց «Քվանտ» վարժարանի անունը․ մեր աշակերտները փայլեցին ծրագրավորման հեղինակավոր մրցաշարում։
Օրերս կայացավ միջազգային հեղինակավոր International Advanced Tournament in Informatics (IATI) 2026 ծրագրավորման մրցաշարը, որտեղ քվանտական պատանիները գրանցեցին բացառիկ արդյունքներ՝ արժանանալով ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների ու հերթական անգամ ապացուցելով, որ համառությունը, գիտելիքն ու ստեղծարար մտածողությունը սահմաններ չեն ճանաչում։
8-4 դասարանի սովորող Վաչե Քոչարյանը արժանացավ ոսկե, ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 2-րդ կուրսի սովորող Ալեքս Գրիգորյանը՝ արծաթե, Հայկ Մանուկյանը (10-2 դասարան), Արեն Գրիգորյանը (10-2 դասարան) և Հայկ Ադամյանը (7-5 դասարան)՝ բրոնզե մեդալների։
Այս հաղթանակները ոչ միայն անհատական նվաճումներ են, այլև վկայություն այն միջավայրի, որտեղ ձևավորվում են վաղվա գիտնականներն ու տեխնոլոգիական աշխարհի առաջնորդները։
IATI-ն միջազգային բարձր մակարդակի մրցաշար է, որը միավորում է տարբեր երկրների ուժեղագույն երիտասարդ ծրագրավորողներին՝ պահանջելով ոչ միայն խոր գիտելիքներ ալգորիթմների և տվյալների կառուցվածքների ոլորտում, այլև արագ մտածողություն, տրամաբանական ճշգրտություն և ստեղծարար մոտեցում։
Հատկանշական է, որ մրցանակակիրների թվում կան ինչպես ավագ, այնպես էլ կրտսեր դասարանների սովորողներ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է «Քվանտ» վարժարանի կրթական համակարգի ուժեղ հիմքը և սերունդների շարունակական զարգացումը ինֆորմատիկայի ոլորտում։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող քվանտականներին և նրանց ուսուցիչներին այս նշանակալի հաջողության կապակցությամբ։ Վստահ ենք՝ սա դեռ նոր հաղթանակների սկիզբն է, և նրանք ևս շարունակելու են հնչեցնել հարազատ կրթօջախի անունը միջազգային ամենահեղինակավոր մրցահարթակներում։
Հ․ Լ․