Գարնան զարթոնքը «Քվանտ» վարժարանում այս տարի առանձնահատուկ շուքով նշանավորվեց՝ վերածվելով արվեստի և ստեղծագործական ոգու իսկական տոնի։ Տոնական մեծ համերգը, որը կազմակերպվել էր Կանանց միամսյակի ավարտին, դարձավ ոչ միայն գեղեցիկ մշակութային իրադարձություն, այլև «Որոնում ենք տաղանդներ» մրցույթի հանդիսավոր ամփոփումը։
Վարժարանի դահլիճը վերածվել էր տոնական հարթակի, որտեղ ամեն մի ելույթ պատմություն էր, իսկ յուրաքանչյուր կատարում՝ ապրում։
Այս տարի մրցույթն ուներ յուրահատուկ խորհուրդ․ այն անցկացվեց հոբելյանական՝ 10-րդ անգամ և նվիրված էր վարժարանի հիմնադրման 35-ամյակին։ Այս երկակի հոբելյանը առավել ընդգծված հանդիսավորություն և խորհրդանշական արժեք հաղորդեց միջոցառմանը։
Տարիներ շարունակ ձևավորված ավանդույթը շարունակելով՝ «Քվանտը» կրկին բացահայտեց իր սաների բազմաշերտ տաղանդը։ Համերգային երեկոյի ընթացքում հնչեցին ոչ միայն մրցույթի հաղթողների փայլուն կատարումները, այլև տարբեր պարգևների արժանացած մասնակիցների գեղեցիկ համագործակցությամբ ելույթները, որոնք նույնպես արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Ուշագրավ էին հատկապես քվանտական պատանիներ Կարինա Ռշտունու, Մանե Հովհաննիսյանի և վարժարանի շրջանավարտ, ներկայումս պատմության ամբիոնի վարիչ Միքայել Մալխասյանի գեղեցիկ կատարումը, որով տրվեց համերգի մեկնարկը, ինչպես նաև Անահիտ Հակոբյանի (երգ), Անահիտ Զաքարյանի (կիթառ), Արման Մարգարյանի (դհոլ) և Էմմա Պետրոսյանի (դաշնամուր) համարը։
Մրցույթի շրջանակում ընդգրկված էին ստեղծագործական տարբեր անվանակարգեր՝ «Երգ», «Պար», «Դաշնամուր», «Նվագարաններ», «Ասմունք», «Նկարչություն»։ Յուրաքանչյուր անվանակարգում հաղթած քվանտականները պարգևատրվեցին հանդիսավոր արարողությամբ։ Հատկանշական է, որ մրցույթի բարձր մակարդակի շնորհիվ բազմաթիվ անվանակարգերում «Առաջին կարգ» պատվավոր կոչումը շնորհվեց մեկից ավելի մասնակիցների, ինչը ևս մեկ անգամ վկայում է վարժարանի սաների ստեղծագործական ներուժի բարձր մակարդակի մասին։ Ի դեպ, քվանատական Մարի Հակոբյանը և Նանե Աղամիրյանը տարիներ շարունակ մրցույթին իրենց անդավաճան մասնակցության և մշտապես փայլուն հաղթանակներ արձանագրելու համար այս տարի արժանացան «Մեծ մրցանակի»:
Երեկոյի ամենահուզիչ և հիշարժան պահերից մեկը դարձավ գալահամերգի եզրափակիչ մասը, երբ մրցույթի հաղթող Էմմա Պետրոսյանը, Ռուբեն Առաքելյանը և Մարի Հակոբյանը հանդես եկան Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության գեղեցիկ կատարմամբ՝ ջութակի ու հարվածային գործիքների համադրությանը ավելացնելով ասմունքի հուզիչ տարրեր։ Միասնության, հայրենասիրության և ստեղծագործական ոգու այդ հզոր դրսևորումը դարձավ միջոցառման արժանի ավարտը։
Լեփ-լեցուն դահլիճը, հանդիսատեսի անկեղծ հիացմունքն ու բուռն ծափահարությունները լավագույն վկայությունն էին, որ տոնը լիարժեք կայացել է։ Մրցույթը, որն արդեն տասը տարի է՝ իրականացվում է վարժարանի ֆիզիկայի ուսուցչուհի Բ. Դավթյանի նախաձեռնությամբ, հերթական անգամ հաստատեց իր կարևոր դերը վարժարանի մշակութային կյանքում՝ խթանելով սաների ստեղծագործական ինքնարտահայտումը և նոր տաղանդների բացահայտումը։
«Քվանտ» վարժարանը շարունակում է ապացուցել, որ գիտելիքի կողքին կարևոր տեղ ունի նաև արվեստը, իսկ այստեղ ձևավորվող սերունդը, համադրելով գիտությունն ու ստեղծագործությունը, բազմակողմանի զարգացած է։ Այսինքն՝ վարժարանում գիտելիքն ու արվեստը քայլում են կողք կողքի՝ ձևավորելով այնպիսի սերունդ, որը ոչ միայն մտածում է, այլև ստեղծում։ Հ.Լ.