ՔՎԱՆՏԱԿԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ․․․
28.07.2020
«Քվանտ» վարժարանի ուսուցիչները ոչ մի րոպե պարապ չեն մնում, նույնիսկ արձակուրդի ժամանակահատվածն արդյունավետ են օգտագործում՝ հարստացնելով իրենց մեթոդական զինանոցը։ Դրա վառ վկայություններից է նաև վերջերս կայացած մի միջոցառում։
Վարժարանի պատմության ամբիոնի վարիչ Միքայել Մալխասյանի նախաձեռնությամբ հիմք դրվեց մի արդյունավետ համագործակցության․ կազմակերպվեց սեմինար-քննարկում՝ «Ակտիվ ուսուցումը շրջված լսարանում» թեմայով։ Այն վարում էր ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ, Գրացի համալսարանի (Ավստրիա) հրավիրյալ պրոֆեսոր, «Գազպրոմ Արմենիա» ընկերության ուսումնական համալիրի տարրական դպրոցի համակարգող, մանկավարժական գիտությունների թեկնածու Աննա Ալեքսանյանը։ Քննարկմանը մասնակցում էին վարժարանի տարբեր առարկայական ամբիոնների մի շարք աշխատակիցներ։ Թեման վերաբերում էր ուսուցման գործընթացը արդյունավետ կազմակերպելու նորարարական մեթոդներին։ Առանցքում «Ակտիվ ուսուցումը շրջված լսարանում» մեթոդի առանձնահատկություններն էին։ Սեմինարի բանախոսը ներկայացրեց թեմային վերաբերող ընդգրկուն պրեզենտացիա՝ քննարկման գործուն մասնակից դարձնելով վարժարանի ուսուցիչներին, հաղորդակից լինելով նաև նրանց մեծ փորձին։ Սեմինարի ավարտին քննարկված թեմաների վերաբերյալ ընդգրկուն ելույթով հանդես եկավ վարժարանի ուսումնական մասի մեթոդական պատասխանատու Արաքս Սիմոնյանը։
Հեռավար քննարկումն ավարտվեց նմանատիպ միջոցառումներ հաճախ կազմակերպելու ակնկալիքով։