ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԶԻՆԱՆՈՑԸ․․․
19.07.2020
«Քվանտ» վարժարանը սերտորեն համագործակցում է կրթական մի շարք հեղինակավոր կառույցների հետ ոչ միայն ՀՀ տարածքում, այլ նաև նրանից դուրս։
Նմանատիպ համագործակցության շրջանակում վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ Տիգրան Զալինյանը և մաթեմատիկայի ուսուցչուհիներ Տաթև Վասիլյանը, Էմմա Մարտիրոսյանը ս․թ․ հունիսի ամսին մասնակցեցին Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացին, որն ուղղված էր ուսուցիչների որակավորման բարձրացմանը։
Դասընթացի շրջանակում անդրադարձ կատարվեց 8-11-րդ դասարաններում խորացված ծրագրերով դասավանդմանը, որն ամեն տարի կազմակերպվում է Մոսկվայում։ Այս տարի, սակայն, աշխարհին պատուհասած համավարակի պատճառով վերապատրաստման դասընթացը անցկացվեց հեռավար։ Դասընթացին մասնակցում էին ԱՊՀ երկրների մի շարք հեղինակավոր դպրոցների շուրջ 100 ուսուցիչ յուրաքանչյուր առարկայից։
Վերապատրաստման դասընթացի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան հարստացնելու իրենց թե՛ մասնագիտական, թե՛ մեթոդական զինանոցը, նաև արդյունավետ համագործակցելու այլ երկրների գործընկերների հետ։ Սա փայլուն հնարավորություն էր զարգացնելու նաև օլիմպիական խմբակներում աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպել կարողանալու համար։
Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնեցին քննություն։ Ուրախությամբ արձանագրենք, որ «Քվանտ» վարժարանը ներկայացնող երեք ուսուցիչն էլ գերազանց արդյունքներ ունեցան և ստացան սերտիֆիկատ։
Ջերմորեն շնորհավորում ենք նրանց և մաղթում նորանոր հաջողություններ։