Նորություններ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ․ ՈՒՍՏԱՐԻՆ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԱԿԱՆ ԼՈՒՐՈՎ․․․

27.08.2020

«Քվանտ» վարժարանի օլիմպիականները, ավանդույթը չխախտելով, սիրելի ուսուցիչներին, հարազատներին պարգևում են հերթական փայլուն հաղթանակի բերկրանքը՝ ապահովելով ուստարվա գեղեցիկ մեկնարկը։
Նույնիսկ դժվարին տարվա ավարտը մեր օլիմպիականներին հետ չպահեց ամենօրյա տքնաջան աշխատանքից, չկոտրեց ոգու ամրությունը։ Արդյունքը երկար չսպասեցրեց։
Օրերս ավարտվեց «Ինֆորմատիկա» առարկայի՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների օլիմպիադան (APIO)։ Կազմակերպիչ երկիրն այս տարի Ինդոնեզիան էր։ Ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ օլիմպիադան կազմակերպվել էր հեռավար։
Մեր հանրապետությունը ներկայացնող 4 պատանի արժանացել են բրոնզե մեդալների։ Ցանկանում ենք ուրախությամբ արձանագրել, որ չորս պատանիներից երեքը՝ Ալեքսանդր Աբելյանը, Սամվել Անդրեասյանը, Արայի Խալաթյանը, քվանտականներ են։
Ջերմորեն շնորհավորում ենք մեր օլիմպիականներին և մաղթում նորանոր նվաճումներ, հաղթանակներ՝ ի փառս հարազատ կրթօջախի ու մեր հանրապետության։