Նորություններ

Նորություններ

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ

24.12.2025

   Ամանորի ջերմ ու լուսավոր տրամադրություն էր տիրում վարժարանի հիմնադիր դպրոցում, որտեղ օրերս կրթական լրացուցիչ ծառայություններից օգտվող փոքրիկները իրականացրին «Ամանորյա դիմակահանդես» խորագրով գեղեցիկ և հիշարժան միջոցառում։

   Տոնական կերպարներով ու ժպիտներով զարդարված սենյակը լցված էր մանկական անկեղծ ուրախությամբ։ Փոքրիկները հանդես եկան Ամանորին նվիրված երգերով և ասմունքով՝ հիացնելով ներկաներին իրենց ազատ ու անկաշկանդ ելույթներով, արտիստիզմով և բեմական կեցվածքով։ Միջոցառման ընթացքում հնչեցին Ամանորին նվիրված բանաստեղծություններ ու երգեր, որոնք ստեղծեցին իսկական հեքիաթային մթնոլորտ։

   Միջոցառման ամենատպավորիչ և սպասված պահը, իհարկե, Ձմեռ պապիկի հայտնվելն էր։ Նրա այցը իսկական տոն դարձավ փոքրիկների համար․ երգ ու ծիծաղի ուղեկցությամբ Ձմեռ պապիկը շնորհավորեց երեխաներին և նվերներ բաժանեց՝ կրկնապատկելով նրանց ուրախությունն ու տոնական հուզմունքը։

   Ուշագրավ է, որ արդեն 5 տարի շարունակ դասվարի օգնական Տաթև Սարդարյանի նախաձեռնությամբ նմանատիպ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում ողջ տարվա ընթացքում, որոնց շրջանակում փոքրիկ քվանտականները հնարավորություն են ստանում բացահայտելու և զարգացնելու իրենց ստեղծագործական ներուժը, հաղորդակցվելու բեմին և ներկայանալու հանրությանը՝ անկեղծ ու անմիջական տրամադրություններով։

   Դիմակների հետևում՝ մանկական ժպիտներ և ամանորյա հրաշք․ առաջին դասարանի ամանորյա կախարդանքը կայացավ։

   «Ամանորյա դիմակահանդեսը» ևս մեկ անգամ հաստատեց, որ նման նախաձեռնությունները ոչ միայն տոնական գեղեցիկ միջոցառումներ են, այլև կրթական ու դաստիարակչական կարևոր միջավայր, որտեղ երեխաները սովորում են ինքնարտահայտվել, աշխատել միասին և տոնի ջերմությանը հաղորդակից դարձնել միմյանց։                                                                        Հ․ Լ․

 

Հ․Գ․ Միջոցառման տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ :